Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում խնդիրների կատարումը, հաղորդվում է հունվարի 7-ի ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրում։
Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 181 փախստականի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 47 834 մարդ։
Լեռնային Ղարաբաղում ՌԴ ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի մասնագետների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 439,9 հա տարածք, 164,8 կմ ճանապարհ, 617 բնակելի տարածք, այդ թվում՝ 22 հասարակական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 21 755 պայթուցիկ նյութ:
Ռուս զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղի 1 150 բնակիչների, այդ թվում՝ 144 երեխաների օգնություն են ցուցաբերել։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկությունների հավաքման «Թեժ գծի» աշխատանքի ընթացքում ընդունվել է 574 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: