Երեկ մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկություններով՝ Շուշիի մատույցներում հնչել են կրակոցներ։ Դրանց ձայները լսվել են Ստեփանակերտում։ Բնակիչները խուճապի են մատնվել։ Կրակոցները վերագրվել են ադրբեջանական կողմին, որակվել որպես սադրանք՝ Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման նախաշեմին։
Տեղեկությունը ճշտելու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց Արցախի ԱԻ պետական ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանի հետ։
Վերջինս հաստատեց լուրի իսկությունն՝ ասելով․
«Կրակոցներն իրականում հնչել են ոչ թե Շուշի, այլ Ստեփանակերտ քաղաքում։ Կրակողները Արցախի հարբած քաղաքացիներ են եղել։ Ոստիկանությունն այդ մասին հայտարարություն է նախապատրաստում»։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ ս.թ․ հունվարի հունվարի 11-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները «Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։