ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը «5-րդ» ալիքին տված հարցազրույցում անդարդարձել է նաև այն դրվագին, երբ տեղեկություններ էին տարածվել, որ Արցախում կան որոշ զինվորականներ, որ խուճապ են տարածել։ «Ես կարող եմ հակառակը պնդել, Արցախում գտնվող նախկին զինվորականներն ավելի էին շահագրգռված ներգրավվելու պատերազմական գործողություններին։ Հատկապես պետք է առանձնացնել գեներալներ Վիտալի Բալասանյանին, Սամվել Կարապետյանին, Արթուր Աղաբեկյանին, Արաշվիր Ղարամյանին»։
ԱԱԾ նախկին պետը հատկապես առանձնացրեց Վիտալի Բալասանյանի հեղինակությունը զինվորականների շրջանում։ «Նրա դերը առավել տեսանելի էր մեզ համար»,-նշեց Համբարձումյանը։
Սակայն վերջինս չմեկնաբանեց այդ զինվորականներին ռազմական գործողությունների կառավարմանը մասնակից չդարձնելու իշխանությունների որոշումը։
Նշենք, որ նոյեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն ազատ կարձակվի զբաղեցրած պաշտոնից:
Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին, Համբարձումյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, որոնք պետք է լեգիտիմացնեն Հայաստանի ղեկավարությանը։ Դեկտեմբերի 17-ին Համբարձումյանը միացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԱԱԾ նախկին մի խումբ աշխատակիցների, իսկ դեկտեմբերի 20-ին ԱԱԾ նախկին ղեկավարը լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր» պանթեոն կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ առաջիկայում ասուլիս կտա, որտեղ կպատմի իր հրաժարականի պատճառների մասին: