Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահների կողմից դիտարկումների ժամանակ իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:
«Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Մարտական պատրաստության միջոցառումների ընթացքում խաղաղապահները կատարելագործում են դիտակետերի պահպանությունը:
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերն ապահովված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար, ինչպես նաև մոտակա տարածքին շրջանաձև դիտարկում անցկացնելու համար:
Ենթակառույցները ներառում են նաև հարմարավետ բնակելի մոդուլներ անձնակազմի բնակության համար, սննդի պատրաստման և ընդունման բլոկ-մոդուլ, ինչպես նաև տրանսպորտային-տեխնոլոգիական բլոկ-մոդուլ, որը հագեցած է մշտական էլեկտրաէներգիայի մատակարարման համակարգերով: Բոլոր մոդուլները համալրված են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով, ջեռուցման և օդորակման համակարգերով»,-ասված է հաղորդագրութան մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հաստատվեց հրադադար: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ու ինժեներական ենթակառուցվածքները: