Մեկ օրում ապահովվել է Հայաստանի տարածքից 189 վերաբնակների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդհանուր առմամբ, 2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 49 827 մարդ, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 21 հա տարածք և 4 կմ ճանապարհ, 32 բնակելի շինություն, հայտնաբերվել և դուրս է բերվել 193 պայթյունավտանգ օբյեկտ:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 551 հա տարածք, 205,3 կմ ճանապարհ, 783 շինություն, այդ թվում ՝ 25 հասարակական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 723 պայթուցիկ առարկա:
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը, ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: