«Արցախում հեղաշրջում տեղի չի ունեցել, կա գործելաոճի նոր ձևաչափ, և հաշվի առնելով, թե երկիրը ինչ օրհասական վիճակում է, Անվտանգության խորհուրդը նույնպես իր դերակատարությունը պետք է ունենա այս բոլոր գործընթացներում», – այս մասին «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի դիրքերի՝ անհամեմատ ուժեղացման մասին տարածված տեսակետներին։
Անդրադառնալով ԱԽ-ի վերահսկողական գործառույթների ավելացմանը՝ նա նշել է, որ պետք է ձևավորվի համագործակցային մթնոլորտ, իսկ վերահսկողությունը որպես այդպիսին հարաբերական հասկացություն է։
Ըստ Բաբայանի՝ պետական կառավարման համակարգում պետք է առաջնորդվել պրոֆեսիոնալիզմով․ «Ինչքան ես ճանաչում եմ Վիտալի Բալասանյանին, նա նաև թիմային աշխատանքի կողմնակից է։ Սա հաշվի առնելով՝ կարծում եմ, կարողանալու ենք պահպանել մեր սուբյեկտայնությունը ոչ միայն Արցախի մասով, այլև կարևորագույն կառույցների տեսքով ևս։ Կփորձենք համակարգկված ձևով մոտենալ բոլոր որոշումներին», – նշել է արցախցի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Վիտալի Բալասանյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: