Արցախի ԱԻ պետական ծառայության որոնողական աշխատանքները Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում շարունակվում են։
Երեկվա աշխատանքների արդյունքում գտնվել է 8 մարդու մարմին, որոնցից մեկը քաղաքացիական անձ է, մյուս 7-ը՝ զինծառայողներ։
Այս մասին Armenia Today-ին հայտնեց Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
Քաղաքացիական անձի ինքնությունը պարզ է, դա 1976 թվականին ծնված Հադրութի բնակիչ Արսեն Ղահրամանյանն է, որի մարմինը գտնվել է Այգեստան գյուղի տարածքից։ 7 զինվորականից 5-ը գտնվել է Ջաբրայիլից, մեկը՝ Այգեստանից, իսկ մեկը՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկի նախկին վարչական շրջանից։
Մինչ այժմ որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է 1246 աճյուն։
Այսօր աշխատանքները շարունակվում են Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Հադրութում, Մեղրիում (արցախյան), Կովսականում։