Սյունիքում և հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված մենք որևէ միջադեպ չենք ունեցել։ Այս մասին ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին, թե քաղաքացիների անվտանգության հետ կապված ի՞նչ երաշխիքներ կարող է իշխանությունը տալ՝ Սյունիքից մինչև Տավուշ։
Փոխվարչապետը հույս ունի, որ հետագայում էլ որևէ խնդիր չի լինի։
Նա տեղեկացրեց, որ սահմանապահ զորքերի տեղակայումը որոշ չափով ավարտվել է: Հաջորդ փուլում արդեն բովանդակային բանակցություններ կլինեն սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ:
«Այդ առումով նույնպես Կառավարությունը շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ նախնական քննարկումներ է իրականացրել, և մեր դիրքորոշումները հստակեցվել են»,- նկատեց Ավինյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ից եռակողմ հայտարարությունից հետո հայ- ադրբեջանական սահմանը որոշված չէ։ Դեռ ընթանում են սահմաննային կետերի տեղորոշման աշխատանքները։