ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հնչած հարցերից մեկը ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանի հարցն էր այն մասին, որ նոյեմբերի 9-ին ստորագրված Եռակողմ հայտարարության 7 դրույթները կյանքի են կոչված, իսկ 8 և 9-րդ կետերը մնացել են անկատար։ Դրանք ենթադրում են գերիների վերադարձը զհայրենիք։
Եթե ենթադրենք, որ անկանխատեսելի է եղել հաջորդ իսկ օրից ստեղծված իրավիճակը, ապա Մոսկվայի հանդիպմանն արդեն պարզ էր, որ հարցը կանգ է առել վերջին կետերի վրա։ Սամսոնյանը հարց ուղղեց վարչապետին, թե ինչո՞ւ գերիների հարցով նա Մոսկվայից վերադարձավ գլխիկոր։
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ասաց, որ 8-րդ կետը կատարման ընթացքում է, իսկ 9-րդը՝ սկզբնական փուլում է, ինչին Սամսոնյանը հակադարձեց․
«Դուք իմ հարցին պատասխանում եք Ձե՞ր, թե՞ վարչապետի ցուցումով, Դուք իմ հարցի հասցեաստերը չե՛ք։ Վարչապետն ի վիճակի չէ պատասխան տալ իմ հարցին, ես խնդրում եմ զբաղեցրեք Ձեր տեղը, ես Ձեզ արձագանքելու ոչինչ չունեմ»։