Հունվարի 15-ին կայացել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը՝ արտաքին քաղաքական գերատեսչության 2019 թ. գործունեության վերաբերյալ։
Ասուլիսի ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում արտաքին քաղաքական ոլորտում իրականացված աշխատանքը:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Արցախի արտաքին քաղաքականության անկյունաքարն են Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը, Արցախի և այլ պետությունների միջև փոխգործակցության ու բարեկամական կապերի ամրապնդումը և խաղաղ կարգավորման գործընթացում հանրապետության ներգրավվածության ընդլայնումը՝ ընդգծելով, որ արտաքին քաղաքական գերատեսչության հիմնական ջանքերն ուղղված են եղել այս գործընթացներում հաջողություն ապահովելուն:
Անդրադառնալով առաջադրված նպատակների իրականացմանը՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ տարին բավականին արդյունավետ էր. ոչ միայն շարունակվել են ջանքերը՝ ուղղված Արցախի առկա միջազգային կապերի ամրապնդմանը, այլև քայլեր են ձեռնարկվել՝ ընդլայնելու Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրությունը։
Արցախի ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է Ստեփանակերտում հոկտեմբերին կայացած տարվա գլխավոր քաղաքական իրադարձության` «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի կարևորությունը, որը կազմակերպվել էր Արցախի Հանրապետության ԱԳՆ և ՀՅԴ կողմից:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ 2019 թ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հիմնականում ուղղված էր տարածաշրջանում կայունության ապահվմանը:
ԱԳՆ ղեկավարն արձանագրել է, որ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ վերանայվել է օտարերկրյա զբոսաշրջիկներին մուտքի արտոնագրերի տրամադրման կարգը: Այս քայլը՝ Արցախում կազմակերպված և անցկացված համազգային և միջազգային քաղաքական, մարզական և մշակութային միջոցառումների հետ մեկտեղ, թույլ են տվել արձանագրել Արցախ այցելած օտարերկրյա քաղաքացիների թվի ռեկորդային աճ։ 2019 թվականին նախորդ տարվա համեմատ աճը կազմել է շուրջ 47%։