Հոկտեմբերի 24-ին Ստեփանակերտի «Արմատներ» կենտրոնում կայացել է «Տուրիզմն Արցախում. ձեռքբերումներ ու խնդիրներ» թեմայով բաց քննարկում:
Armenia Today-ի թղթակցի հաղորդմամբ հանդիպմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը, զբոսաշրջության ոլորտի մասնագետներ և մարդիկ, ովքեր պարզապես հետաքրքրված են Արցախում զբոսաշրջության զարգացման խնդրով:
Արտակ Գրիգորյանը նշել է, որ անցած ինն ամիսների ընթացքում զբոսաշրջիկների թվի 51 տոկոս աճ է գրանցվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: «36526 օտարերկրյա զբոսաշրջիկ է այցելել Արցախ, 2018թ. ընթացքում ունեցել ենք մոտ 28500 զբոսաշրջիկ»,- ասել է Արտակ Գրիգորյանը: Ըստ նրա` զբոսաշրջիկների թվաքանակի վրա ազդել են Արցախում տեղի ունեցած խոշոր միջոցառումները, քիչ նշանակություն չունեն նաև ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքները: Ստեղծվում են զբոսաշրջիկների սպասարկման նոր կենտրոններ, վերջին շրջանում ակտիվացել է զբոսաշրջային տների գրանցումը, որովհետև 2019թ. տվյալ բիզնեսի համար հարկային արտոնություններ են գործում:
Ներկաները կիսվել են Արցախում զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտների մասին իրենց պատկերացումներով, նաև առկա խնդիրները լուծելու իրենց տարբերակներ են առաջարկել: Հատկապես շեշտը դրվել է լեռնամագլցման, գյուղական ու արկածային տուրիզմի զարգացման վրա: