Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Մոսկվաբնակ մի խումբ բարերարների հիմնադրած կրթաթոշակին արժանացել են 2018-2019 ուստարվա առարկայական օլիմպիադայում «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից լավագույն արդյունքներ ցուցաբերած 9 աշակերտներ:
Կրթաթոշակն ուղղված է բնագիտամաթեմատիկական առարկաների զարգացմանը: «Այսօր դուք եք այդ արժանավորները: Հուսով եմ, որ, ի դեմս ձեզ, 3 կարևոր ուղղությունով կունենանք մեր լավագույն մասնագետներին, ինչու չէ նաև գիտնականներին, որովհետև Արցախը թեև փոքր է, բայց շատ հայտնի գիտնականներ է տվել աշխարհին: Հենց նրանց երեքի անուններով էլ սահմանվել են կրթաթոշակները. ֆիզիկայի ոլորտում՝ Իոսիֆյանի անվան, քիմիայի ոլորտում՝ Կնունյանցի անվան, մաթեմատիկայի ոլորտում՝ Մերգելյանի անվան: Չի բացառվում, որ տարիներ անց լսենք նաև ձեր անունները և տասնամյակներ հետո, գուցե արդեն ձեր ազգանուններով կրթաթոշակներ սահմանվեն՝ ապագա սերունդների համար: Դա բոլորիս ցանկությունն է»,- դիմելով պարգևատրվողներին, ասել է Նարինե Աղաբալյանը:
Կրթաթոշակի հիմնադիրը Դավիթ Հարությունյանն է:
Աշակերտները ստացել են համապատասխան հավաստագրեր. կրթաթոշակը սահմանված է 6 ամիս ժամկետով՝ ամսական 100 ԱՄՆ դոլար: