Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբները դադարեցնում են նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։
«Հարգելի՛ հայրենակիցներ, մեզ պատուհասած նոր կորոնավիրուս համավարակի գնալով ահագնացող վտանգից ելնելով այսօրվանից չեղարկում ենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախատեսված հանրային բոլոր հանդիպումները»,- գրել է Մայիլյանը։
Մասիս Մայիլյանը անգամ ևս փաստել է, որ Արցախը ՀՀ-ի հետ անվտանգության ընդհանուր միջավայրում է, ուստի համավարակի դեմ պայքարի տրամաբանությունն ու մարտավարությունը նույնական ու միասնական պետք է լինեն՝ խարսխված լինելով ՀՀ-ի արդեն իսկ ձեռք բերված փորձի վրա և ներդաշնակեցնելով բոլոր ջանքերը։
Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի և «Նոր Արցախ» դաշինքի նախընտրական շտաբերը հանրությանը պարբերաբար կտեղեկացնեն հետագա քայլերի մասին։
«Քաղաքացիներին կոչ ենք անում խստորեն հետևել հիգիենայի կանոններին ու պատկան մարմինների հորդորներին։ Մեր երկրի անվտանգությունը և յուրաքանչյուր քաղաքացու կյանքը բացարձակ արժեքներ են, և ամեն ինչ պետք է արվի դրանց անվերապահ պահպանման համար»,- ասված է հայտարարության մեջ։