Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մարտի 30-ին, ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի ընտանիքին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Բակո Սահակյանի հեռագրում ասված է.
«Արցախում խոր ցավով տեղեկացանք ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Պատրիկ Դևեջյանի մահվան մասին»։
Արցախի նախագահը նշել է, որ Դևեջյանն անգնահատելի ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայ դատի պաշտպանության գործում, ըստ ամենայնի նպաստել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանը, Արցախի հետ կապերի զարգացմանն ու համազգային խնդիրների լուծմանը։
«Պատրիկ Դևեջյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»,- ասված է Բակո Սահակյանի ուղերձում: