Արցախի Հանրապետությունում մարտի 31-ին անցկացված նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց հավաքել անհրաժեշտ 50%+1 ձայն՝ ընտրություններում վերջնական հաղթանակի համար։ Արդյունքում՝ ապրիլի 14-ին կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ կպայքարեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Սպասվող նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ Արցախի քաղաքական դաշտում ընդգծված կոնսենսուս չկա: Ստեփանակերտում ապրիլի 5-ին հետընտրական առաջին բողոքի ցույցն է անցկացվել: Նույն օրը նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների համաձայն երկրորդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանն էլ իր հերթին կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել երկրորդ փուլին՝ փաստացի բոյկոտելով այն:
Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ տեղի ունեցող զարգացումների, կորոնավիրուսի համավարակի տարածման վտանգով պայմանավորված երկրորդ փուլի կայացման կամ հնարավոր հետաձգման, ընտրությունների ելքի վրա ընտրախախտումների ազդեցության, Մասիս Մայիլյանի՝ քաղաքացիներին ընտրություններին չմասնակցելու կոչի մասին Armenia Today-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։
-Պարոն Քանանյան, ի՞նչ զարգացումներ սպասել Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, արդյոք դրանք տեղի կունենա՞ն՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի տարածման վտանգը և Մասիս Մայիլյանի կոչը։
Մասիս Մայիլյանն առաջին փուլին ընդառաջ, ի թիվս մի շարք այլ նախագահի թեկնածուների, ևս կոչ է արել, որ նպատակահարմար է ընտրությունների հետաձգումը՝ հաշվի առնելով համավարակի տարածումը կանխելու գերակա անհրաժեշտությունը՝ ելնելով բանակային ստորաբաժանումների և Արցախի ողջ բնակչության առողջապահական անվտանգությունից։ Քաջ գիտենք, որ այդ մի քանի թեկնածուների հնչեցրած հորդորը կատարելապես անտեսվել է Արցախի իշխանությունների կողմից, որոնք չէին կարողանա այդպիսի ռիսկին, անպատասխանատու քայլին ընդառաջ գնալ, եթե ցավոք չունենային պաշտոնական Երևանի լռելայն համաձայնությունը։ Մենք գիտենք, որ ընտրությունների առաջին փուլն ընթացել է սերժսարգսյանական դերին բնորոշ՝ խայտառակ ընտրակեղծիքներով, որին նախորդել է երկու տարվա ապօրինի քարոզարշավը, մարդկանց զանգվածային ահաբեկումը, կաշառակերությունը և մնացած բոլոր երևույթները, որոնց մասին բոլորը, այդ թվում պաշտոնական Երևանը տեղյակ էր։
Առաջին փուլի չակերտավոր ընտրությունները, որոնք, բնականաբար, պատասխանատու արցախաբնակ ՀՀ քաղաքացիների համար կապարելապես անօրինական էին և առոչինչ՝ ցույց են տվել, որ Բակո Սահակյանի և Արցախում իշխել շարունակող սերժսարգսյանական մնացորդային օլիգարխիկ վարչակազմի օրոք ընտրությունների անցկացումն ունի հայտնի ելք, ճիշտ այնպես, ինչպես նույն ելքը արձանագրվում էր մինչև թավշյա հեղափոխությունը, ուստի երկրորդ փուլին ընդառաջ գնալու որևէ իմաստ կամ անհրաժեշտություն չկար։ Մասիս Մայիլյանը, հավատարիմ մնալով նաև իր՝ ընտրություններից առաջ արտահայտած դիրքորոշմանը, բնականաբար, պետք է արտահայտվեր ընտրություններին չմասնակցելու քայլի օգտին, ինչն էլ արել է։ Հաշվի առնելով նաև այն, որ ինչքան ժամանակ անցնում է, այնքան համավարակի տարածման վտանգն ահագնանում է՝ համոզված եմ, եթե չլինեին երկրորդ փուլ անցկացնելու ցանկությունները, ապա վաղուց կարանտին մտցված կլիներ, և թերևս հասարակությունն առավել պաշտպանված կլիներ։
-Նշեցիք, որ ընտրություններն անցել են խայտառակ ընտրակեղծիքներով, արդյոք ընտրախախտումներն էական ազդեցություն են ունեցել ընտրությունների ելքի վրա, չնայած դիտորդական առաքելություն իրականացնողները փաստում են, որ խախտումներ արձանագրվել են, բայց դրանք չէին կարող էական ազդեցություն ունենալ։
Ընտրակեղծարարությունների որոշիչ դերի մասին խոսելը շատ հեշտ է՝ 2018 թվականի հունիսից տեղի է ունեցել Արցախի բնակչության բոլոր հատվածների ահաբեկումը՝ տեղական քրեական հեղինակությունների միջոցով, Արցախի բնակչության աննախադեպ կաշառումը, որն ահռելի ու աննկարագրելի է՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների ընտրակաշառքների չափերով։ Խախտումները համատարած էին, դիտորդական առաքելություններն առ այդ պատասխան եզրակացություններ էին արել։ Ընտրությունների արդյունքներն ինչ-որ առումով նաև կանխորոշված էին, քանի որ Երևանը բացարձակապես ու անպատասխանատու կերպով անտեսել է խոստումը՝ նվազագույն նախադրյալներ ստեղծելու Արցախում ազատ ընտրություններ անցկացնելու համար, իսկ թե ինչպիսին է լինում ընտրությունները քրեական օլիգարխիայի իշխանության օրոք՝ բոլորիս շատ հայտնի է։ Որպես կարգախոս՝ մենք ազատագրված տարածքներում ասում ենք՝ կամ լավ կլինի, կամ շատ լավ կլինի, բայց շատ լավ կլինի պատասխանատու քաղաքացիների համար, և լավ կլինի տարբեր չափերով ու մակարդակներով այն անպատասխանատու պետական այրերի համար, որոնք հավատարիմ չեն մնում հռչակված սկզբունքներին և ողջամտությանը։
-Արցախում անվտանգության համակարգի վրա նոր իշխանության ձևավորման գործընթացի թեկուզ ժամանակավոր ընդհատումն ի՞նչ ազդեցության կունենա։
Ոչ մի ազդեցություն իրականում չի ունենա, որովհետև Արցախի առանձին անվտանգության համակարգ գոյություն չունի։ Արցախը Հայաստանի Հանրապետության հատուկ կարգավիճակով մարզ է, և հայկական զինված ուժերն Արցախում, բնականաբար, ՀՀ զինված ուժերի մասն են, և ՀՀ-ն է ամբողջությամբ ապահովում և երաշխավորում արցախաբնակ ՀՀ քաղաքացիների անվտանգությունն իրենց փոքր հայրենիքում։ Ուստի անվտանգային հարցեր առհասարակ գոյություն չունեն։ Արցախյան վարչակազմը ներքին վարչական գործառույթներից օգտվող իրականություն է։ Արտաքին անվտանգությունը բացառապես ու բարեբախտաբար Երևանի ձեռքերում է, և, այդ իմաստով ոչ մի նշանակություն կամ ազդեցություն չի ունենա, բայց խնդիրն այլ է՝ Արցախում հանդուրժվում է ամենաանհեթեթ և բոլոր բարոյական, քաղաքական, մարտավարական հաշվարկներով մերժելի մոտեցումը, այն է՝ ինչ-ինչ նպատակներով արժե պահպանել Արցախում սերժսարգսյանական օլիգարխիկ իշխանությունը՝ ի դեմս Արցախի գլխավոր օլիգարխ Արայիկ Հարությունյանի։ Մոտեցումը ինքնին թույլատրվում և խրախուսվում է, որ ՀՀ մի հատվածում իշխի մեկ քաղաքական համակարգ, իսկ Երևանում, նկատի ունեմ որակն ու ընդհանուր տրամաբանությունը, լինի այլ քաղաքական համակարգ։ Սա ազգը պառակտելու, պետությունը քայքայելու, ներազգային պառակտումը արմատավորելու մեծ սպառնալիք պարունակող հիմարություն է, որը բացարձակապես չի գիտակցում Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Բարոյական տեսանկյունից այն ստորություն է, որովհետև արցախաբնակ ՀՀ քաղաքացիները ոչնչով պակաս չեն ՀՀ մնացյալ քաղաքացիներից, և մենք նույնքան իրավունք ունենք ապրելու մի երկրում, որը ջանում է վերականգնել օրինականությունը՝ որպես պետական կառավարման փիլիսոփայություն։ Մենք պարտավոր չենք ինչ-ինչ հիմար հաշվարկների բերմամբ շարունակել ապրել հանցագործ քրեաօլիգարխիայի պետականաքանդ վարչարարության ներքո, երբ վարվում է խայտառակ կադրային քաղաքականություն, թալանվում է բյուջեն, ստեղծվում են բոլոր պայմանները հասարակությանը հուսալքության մատնելու և երկրից արտամղելու համար։ Ոչ միայն ես, շատ-շատ մարդիկ ևս պատրաստ չենք հանդուրժել մեր ընտրական իրավունքի ոտնահարումը, որովհետև բոլորս ապօրինաբար և հակասահմանադրաբար զրկված ենք ՀՀ մեր կամեցած իշխանությունը համապետական ընտրությունների միջոցով ձևավորելու մեր սահմանադրական իրավունքից, որն անօտարելի է յուրաքանչյուր քաղաքացու պարագայում։ Առհասարակ Արցախն Հայաստանից անջրպետելը, մեզ երրորդ-չորրորդ քաղաքացի համարելը, ինչ-ինչ անբարո հաշվարկներվ տարիներով քրեական հանցագործներին նախագահեցնելը լրջագույն մարտահրավեր է, և հեղափոխության սկզբունքների, ոգու, գաղափարների սրբապղծում․ դա չի կարող չունենալ քաղաքական հետևանքներ։ Ես արձանագրում եմ, որ ՀՀ ժամանակին հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այս խայտառակ անպատասխանատու, անվայել արցախյան կեցվածքի դիմաց առերեսվելու է լուրջ և անխուսափելի քաղաքական հետևանքների և ստիպված կլինի ՀՀ բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել։
Նարե Հարությունյան