Ս․թ․ հուլիսի 6-ին Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) և ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի միջև կնքվեց պայմանագիր, որի համաձայն՝ Բյուրականի աստղադիտարանը կշարունակի մնալ ՄԱՄ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոն։ Պայմանագիրը ուժի մեջ կլինի 5 տարի։
Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը։
Սկսած 2010 թ.-ից՝ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ) հանդիսանում է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Աստղագիտության զարգացման կենտրոնի համար մշակված ՄԱՄ ռազմավարական ծրագրերի իրականացման գործում ներգրավված առաջատար կազմակերպություն, ինչը կշարունակվի նաև 2020-2030 թթ.։
ԲԱ-ն տարածաշրջանում կկատարի համակարգողի դեր, ինչն անհրաժեշտ է ռազմավարական համալիր մոտեցման համար։ Բացի այդ, ակնկալվում է, որ այն կնախաձեռնի և կզարգացնի նոր ծրագրեր, որոնք կհամապատասխանեն Աստղագիտության զարգացման կենտրոնի նպատակներին։
Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի գլխավոր խնդիրն է Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում խթանել Աստղագիտության զարգացման կենտրոնի համար մշակված ՄԱՄ 2020-2030 ռազմավարական ծրագրի նպատակները։
Դրանք են՝
•Մեծապես նպաստել կայուն զարգացման նպատակների ցուցանիշներին, որտեղ հնարավոր է:
•Իրականացնել Աստղագիտության զարգացման կենտրոնի կողմից մշակված «ստորագրված» ծրագրերը:
•Պահպանել «Աստղագիտությունը զարգացման համար» ծրագրի գնահատումն ու հետադարձ կապը:
•Օգտագործել աստղագիտությունը և վերջինիս տեխնոլոգիաները՝ երիտասարդներին հասարակության մեջ մասնագիտական աճի հնարավորություններ ընձեռելու համար:
•Ստեղծել միջճյուղային գործընկերություններ՝ գիտությունը զարգացման համար թեմայի շուրջ:
•Գտնել անհրաժեշտ ֆինանսավորում՝ վերոնշյալ նպատակներն իրականացնելու համար, ինչպես նաև այդ հարցում օժանդակել նմանատիպ այլ նախաձեռնություններ ունեցողներին և այլն։