Ինչպես նշվում է ՀՀ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովն իր դռներն է բացել Հայաստանի և Ռուսաստանի բժշկական հանրության առջև:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովայի գլխավորած պատվիրակությունը: Համաժողովը բացել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` արձանագրելով վերջին մեկ տարվա ընթացքում բժշկության ոլորտում համատեղ գործունեության հաջողությունները:
Համաժողովի շրջանակներում կողմերը քննարկել են առողջապահության բնագավառի ներկայիս մարտահրավերները, խնդիրները, փոխանակվել են իրենց ձեռքբերումներով և փորձով, ինչպես նաև անդրադարձել այս և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության հեռանկարներին:
Նշենք, որ առաջին հայ-ռուսական առողջապահական համաժողովը տեղի է ունեցել 2014 թվականին Երևանում: Այնուհետև 2015, 2017 և 2018 թվականներին պարբերաբար կայացել են Մոսկվայում և Երևանում:
Վերջիններիս ընթացքում կողմերը ստորագրել են մի քանի փոխըմբռնման հուշագրեր և համատեղ հայտարարություններ, որոնց շրջանակներում համագործակցություն է ծավալվել առողջապահության և բժշկագիտության մի շարք ուղղություններով:
Ընդհանրապես նպանաբնույթ համաժողովները հարթակ են հայ և ռուս բժիշկների ու գիտնականների համար` հանդիպելու և քննարկելու առողջապահական և բժշկագիտական մի շարք հարցեր: