Խորհրդարանն առաջին ընթերցմամբ սկսել է քննարկել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ինչպես և արտահերթ նստաշրջանի օրակարգի մյուս օրինագծերի մեծ մասը, այդ փոփոխությունները կընդունվեն արագացված ռեժիմով:
Ինչպես հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայումս ԲՈՒՀ ընդունվելու համար քննությունների ցանկը հաստատվում և հրապարակվում է կառավարության կողմից, որից հետո որևէ փոփոխություն չի թույլատրվում կատարել: Փոփոխություններով նախատեսվում է որոշակի բացառություններ կատարել։ Մասնավորապես, առաջարկվել է թույլ տալ փոփոխություններ կատարել քննությունների ցանկում արտակարգ կամ ռազմական դրության դեպքում։
Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ հայտարարել է, որ այս տարի բուհ ընդունվելու համար անհրաժեշտ կլինի հանձնել միայն մեկ քննություն:
«Ի սկզբանե մենք դիտարկել ենք առանց քննությունների ընդունելության հնարավորությունը, սակայն առողջապահության նախարարության գործընկերների հետ քննարկումից հետո որոշում ենք կայացրել անցկացնել մեկ քննություն ընդունելության օբյեկտիվության մակարդակը բարձրացնելու համար», – հայտարարել է նախարարը: Նա նշել է, որ մեկ թեստով երեք առարկա հանձնելու համար բավականին ժամանակ էր պահանջվել նախարարությունից, բայց եթե հաջորդ տարի ստիպված լինեն նույն սխեմայով անցկացնել քննությունները, այս տարբերակը մանրամասն կքննարկվի։ Ըստ նախարարի՝ դիմորդների՝ հավասար միավորներ ունենալու դեպքում, հաշվի կառնվեն օլիմպիադաներում գրանցած արդյունքները, մեդալները և ընդունելության համար անհրաժեշտ այլ առարկաների ատեստատի գնահատականները։
Մեկնաբանելով պատգամավորների այն հարցը, թե արդյոք կկիրառվի ընդունելության այս սխեման նաև հաջորդ տարի, նախարարը նշել է, որ այսօրվա դրությամբ ԿԳՄՍՆ նույնիսկ չի կարող երաշխավորել պարապմունքների վերսկսումը սեպտեմբերի 1-ից: Հարությունյանը նշել է, որ քննարկվում է պարապմունքների վերսկսման հնարավորությունը՝ պարետային կանոնների պահպանմամբ։
«Բուհերն իրենք պետք է որոշում կայանեն։ Համավարակային իրավիճակից է կախված՝ սեպտեմբերից կրթական բնական հունին կվերադառնա՞նք, թե՞ ոչ։ Անցած երեք ամիսների փորձը ցույց է տվել, որ ԲՈՒՀ-երը բավականին առաջընթաց են արձանագրել հեռավար կրթության կազմակերպման առումով, բայց կենդանի շփման բաղադրիչը ևս չպետք է անտեսենք։ Ճիշտ կրենք դիմակները, ախտահանենք ձեռքերը պահպանենք սոցիալական հեռավորություն՝ կվերադառնանք կրթության բնականոն հունին, այլ պարագայում՝ կունենանք խնդիրներ»,- նշեց նախարարը։
Իսկ այն մասին, թե հաջորդ տարի ինչ սխեմայով են անցկացվելու ընդունելության քննությունները, ԿԳՄՍՆ կհայտարարի սեպտեմբերից ոչ շուտ, հայտարարել է նա՝ հավելելով, որ շատ բան կախված կլինի երկրի համաճարակաբանական իրադրությունից։