«Այսօր մասնակցեցի Գավառ քաղաքում հիմնված Թումո ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տուփի բացման արարողությանը, որին ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Թումո ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, փոխնախարարներ, հյուրեր, երիտասարդներ և դպրոցականներ»,-այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Սանոսյանը հայտնել է, որ նորաբաց տուփը նախատեսված է 12-18 տարեկան մոտ 300-320 ուսանողի համար:
«Թումո կենտրոնի տուփի հիմնումը կայացել է ամերիկյան «Դոթ 818» ընկերության ֆինանսական աջակցությամբ։
Այս պահի դրությամբ Գավառից և նրա հարակից համայնքներից տուփում գրանցվել են 200 դպրոցականներ, որոնք պարապմունքների կհաճախեն շաբաթը մեկ կամ երկու օր: Թեև նորաբաց տուփն իր տարածքով փոքր է, սակայն առկա գերժամանակակից տեխնիկական հնարավորությունների շնորհիվ այստեղ հաճախողները կարող են յուրացնել 14 տարատեսակ ծրագրեր»,-հայտնել է Սանոսյանը։
Նա նաև տեղեկացրել է մարզի բնակիչներին, որ Թումո կենտրոնի հետ աշխատող ևս 8 այսպիսի տուփ կհիմնվի մարզում: «Շատ լավ է, որ մարզերում ստեղծվում է հնարավորություն, որպեսզի մեր երեխաները չկենտրոնանան մեկ վայրում կամ մայրաքաղաքում՝ ժամանակակից գիտելիքներ ձեռք բերելու նպատակով:
Փորձը ցույց է տալիս, որ այս ոլորտում բավականին մեծ պոտենցիալ կա, և նման կենտրոնների բացումը հնարավորություն կտա՝ այդ պոտենցիալն իրացնելու, իսկ ժամանակակից աշխարհում այս ոլորտը, կարծում եմ, տնտեսության առաջատար ուժն է լինելու:
Ուրախ եմ, որ այս կենտրոնում 200-ից ավելի դպրոցական կա արդեն գրանցված, ունենք ևս 120 տեղ, և հույս ունեմ, որ կարճ ժամանակահատվածում գրանցվածների թիվը կամբողջանա»,-նշել է մարզպետը։
Նա նշել է նաև, որ նորաբաց տուփը կապվելու է Դիլիջանի կենտրոնական Թումոյին․
«Դիլիջան մեկնելու համար աշակերտները կապահովվեն տրանսպորտային միջոցով: Յուրաքանչյուր աշակերտ տարին 3-4 ամիս շաբաթը 2 անգամ միանալու է Դիլիջանի կենտրոնական Թումոյին, իսկ մնացած աշխատանքները, շաբաթը 1 կամ 2 անգամ, տարվելու են այս տուփից: Աշակերտներն այստեղ սովորելու են 14 ծրագիր, այդ թվում՝ ծրագրավորում, գծագրություն, մոդելավորում, գրություն, երաժշտություն, անիմացիա, խաղերի պատրաստում, ռոբոտաշինություն և այլն»։