Հեռահաղորդակցության ոլորտում՝ ինտերնետ եւ բջջային կապի ծառայության ոլորտում խնդիրներ չկան, բայց օպերատորների՝ սպասարկման գրասենյակների թիվը սահմանափակվել է: Այսօր այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով ոլորտի իրավիճակը կապված կորոնավիրուսով պայմանավորված երկրում սահմանված արտակարգ դրության հետ:
«Այն դեպքում, երբ հնարավոր է կենսաթոշակները տանել, հասցնել քաղաքացիներին, կփորձենք այդ ծառայությունը մատուցել»,- ասաց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է գիտնականներից, տվյալագետներից, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներից կազմված աշխատախումբ՝ համաճարակի հետ կապված տվյալների հավաքագրման, մշակման, կանխատեսումներ և գնահատականներ անելու ուղղությամբ։ Նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տարածման գոտիների և այդ տեղեկությունների համադրման արդյունքում կորոնավիրուսի ընդհանուր հավանական տարածման մոդելավորման իրականացումը, ինչը հնարավորություն կտա միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը էլ ավելի կառավարելի դարձնելու և Հայաստանում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելու ուղղությամբ միջոցառումներին աջակցելու համար։
Հակոբ Արշակյանը կոչ արեց նաև օգտվել առցանց հարցումների, վճարումների և այլ հարթակներից: