Երևանի ավագանին 2020թ. բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 200 միլիոն դրամ հատկացրեց բուժհաստատություններին: Սա գրեթե եռակի ավելի է 2018թ. համեմատ:
Պոլիկլինիկաներում իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Քաղաքապետը նշել է, որ իր հանձնարարականով՝ պոլիկլինիկաների բժիշկների, բուժվարչության միջոցով գնահատել, թե առաջնային ինչ տեխնիկական վերազինման կարիք ունեն:
«Եվ մենք արդեն 2019-2020 թվականներին սկսել ենք վերազինել պոլիկլինիկաները: Տեսականին բավականին մեծ է, բուժսարքավորումները շատ որակով են, ինչը փաստեցին հենց մեր բժիշկները: Արդյունքը զգացվում է, ավելի ճիշտ՝ ախտորոշումն արվում է և ավելի նպատակային»,- նշել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա ընթացքում պոլիկլինիկաներին 10 տեսակի 325 բուժսարքավորում է հատկացրել, իսկ արդեն այս տարի 11 տեսակի 134 բուժսարքավորում կհատկացվի: Գործընթացն ավարտական փուլում է:
Քաղաքապետը նշել է, որ սա շարունակական ծրագիր է լինելու. մյուս տարվա բյուջեն կազմելիս պետք է հաշվի առնեն այս սարքավորումների առկայությունը, տեսնեն, թե որտեղ ինչ արդյունք են տվել դրանք, դրանցով համալրեն այլ պոլիկլինիկաներ։
Նշվում է, որ առաջնային օղակի համար որպես առաջնային խնդիր մնում է շենքային պայմանների բարելավումը: Բժշկական սարքավորումների համալրմանը զուգահեռ՝ այս տարի արդեն ավարտվել է «Շտապբուժօգնություն» ընկերության երեք ենթակայանների վերանորոգման ծրագիրը: Առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումներն ըստ առաջնահերթության կշարունակվեն նաև 2021թ.: Նախատեսվում է նաև 5 պոլիկլինիկայի վերանորոգում: