«Ադրբեջանում խառն են։ Միլլի Մեջլիսի նիստն անցել է բավականին անկանխատեսելի զարգացումներով։ Պատգամավոր Վահիդ Ահմեդով խիստ քննադատության է ենթարկել Զաքիր Հասանովին և ԶՈՒ ԳՇ պետ Նեջմեդդին Սադիկովին»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կենտրոնական հրամանատարական կետում բանակի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ մի շարք ռազմատենչ հայտարարություններ էր արել․ «Թշնամին պետք է գիտակցի, որ այն գործողությունները, որոնք մենք կիրականացնենք այս անգամ, տարբեր կլինեն 2016-ի ապրիլյան իրադարձություններից, և հարվածները, որոնք կհասցվեն, կհանգեցնեն նրանց քաղաքական, տնտեսական և ռազմական վերջնական փլուզմանը»։
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ պատգամավոր Վահիդ Ահմեդովը նախ կասկածի տակ է դրել Հասանովի և Սադիկովի ադրբեջաներենի իմացությունը, քանի որ նրանք այդպես էլ չեն կարողացել «հոդաբաշխ պատասխան տալ»՝ կապված Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության հետ։ «Դիմելով Զաքիր Հասանովին նա մասնավորապես ասել է․ «․․․Դուք Պաշտպանության նախարար եք: Շուշիի հետ կապված որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կար: Ասես վախենում ենք ինչ-որ մեկից: Ես չեմ ասում, որ պետք է կրակ բացենք, բայց համենայն դեպս, մենք պետք է որոշակի քայլեր ձեռնարկեինք»»։
Խորհրդարանի ընդմիջումից հետո, ըստ ռազմագետի, իրավիճակն ավելի է թեժացել, բոլոր ելույթ ունեցող պատգամավորները սկսել են մեղադրել Վահիդ Ահմեդովին «թշնամու» ջրաղացին ջուր լցնելու համար։
«Ադրբեջանի ՊՆ-ն էլ պատասխանել է պատգամավորին, ասելով , որ Զաքիր Հասանով վերջին մեկ տարում Շուշիի վերաբերյալ հարցադրում չի ստացել։ Իսկ Շուշիի վրա հրթիռ գցելը պետք է թույլատրի Միլլի Մեջլիսը, այսինք պատերազմի թույլտվություն պետք է տա խորհրդարանը և ՊՆ-ն ինքնագլուխ չի կարող գործել։ Մի խոսքով, շատ թեժ է եղել գարնանային նստաշրջանի վերջին նիստը»,-ամփոփել է Հովհաննիսյանը։