Ինչպես հայտնի է, այս տարվա հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում կբացվի Կալաշնիկովի ինքնաձիգների արտադրության գործարան։ Հայտարարվել է, որ «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգների հավաքումը Հայաստանում կսկսվի հուլիսին, իսկ արտադրության ծավալը կկազմի տարեկան մինչև 50000 արտադրանք:
Հաշվի առնելով իրադարձության ռազմավարական կարևորությունն ու աննախադեպ լինելը՝ Armenia Today-ի թղթակիցը կապվել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության հետ, որը ղեկավարում է այդ գործընթացը։
Մեզ հետաքրքրող հարցերին պատասխանել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:
Վլադիմիր Նիկոլաևիչ, ինչպես հայտնի է, հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում տեղի կունենա հայտնի Կալաշնիկովի ինքնաձիգների արտադրության մեկնարկը: Այդ կապակցությամբ կցանկանայինք հստակեցնել, թե այդ զենքի հատկապես ինչ մոդիֆիկացիաներ են արտադրվելու։
Այո, դա իսկապես այդպես է։ Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրության մեկնարկը նախատեսված է 2020 թվականի հուլիսի առաջին տասնօրյակում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությանը 10 տարի ժամկետով լիցենզիա տրամադրելու Ռուսաստանի Դաշնության Նախագահի կարգադրությունը և թողարկված համապատասխան թույլատրող փաստաթղթերը, Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը ընթացիկ տարվա մայիսի 15-ին Հայաստանում ԱԿ-103 ինքնաձիգների փուլային հավաքման կազմակերպման համար լրակազմերի արտադրանքի մատակարարման պայմանագիր է կնքել։
Հայաստանն առաջին երկի՞րն է Հարավկովկասյան տարածաշրջանում, որտեղ կարտադրվեն Կալաշնիկովի ինքնաձիգները։ Եթե այո, ապա հեռանկարում նախատեսվում է արդյոք Կալաշնիկովի ինքնաձիգի արտադրություն նաև տարածաշրջանի այլ երկրներում:
Հայաստանի Հանրապետությունն առաջին երկիրն է Հարավկովկասյան տարածաշրջանում, որտեղ կարտադրվեն Կալաշնիկովի ինքնաձիգներ։ Եվ դա պատահական չէ, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը ՀԱՊԿ գործընկերներն են։ Բացի այդ, մեր երկրների միջև 2013 թվականից ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիր։ Այսպիսով, կա փոխգործակցության և վստահության բարձր մակարդակ, որը ենթադրում է, մասնավորապես, տեխնոլոգիական համագործակցության հնարավորություն։
Նշված նախագծի շրջանակներում ռուսական կողմի ներդրումը AK103 ինքնաձիգների հավաքման համար լրակազմերի արտադրանքի մատակարարում է: Արտադրության ենթադրյալ ծավալը՝ տարեկան մինչև 50000 ինքնաձիգ։ Հուսով ենք, որ արդեն այս տարի կհավաքվի շուրջ 20000 ինքնաձիգ:
Տարածաշրջանի այլ երկրներում ավտոմատների արտադրություն դեռ չի նախատեսվում։
Կարող եք մոտավոր նախանշել՝ որքա՞ն աշխատատեղեր կստեղծվեն այս ծրագրի շնորհիվ:
«Կալաշնիկով» կոնցեռի գործընկերն է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ հայկական ձեռնարկությունը։ Տվյալ ձեռնարկությունը զգալի աշխատանք է կատարել ժամանակակից արտադրական գծերի ստեղծման ուղղությամբ՝ ռուսական արտադրողի տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան։
Արտադրական գործընթացի կազմակերպման համար սկզբնական փուլում նախատեսվում է ստեղծել մի քանի տասնյակ աշխատատեղ, հետագայում աշխատողների թիվը կավելանա։
Հետագայում հնարավոր է քննարկել պատվիրատուի տարածքում հավաքման արտադրության 2-րդ և 3-րդ փուլերի 7,62 մմ Կալաշնիկով ԱԿ103 ինքնաձիգի իրացմանն անցնելու հարցերը։
Այդ հարցերը քննարկվելու են առանձին և ձևակերպվելու են լրացուցիչ պայմանագրերով։
Հայաստանում արտադրվող ինքնաձիգները նախատեսված կլինեն միայն ներքին շուկայի համար, թե երրորդ երկրներին վաճառելու ծրագրեր կան:
Այս նախագծի իրականացումը, ինչպես արդեն նշեցի, իրականացվում է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի շրջանակներում, որի համաձայն ինքնաձիգների արտադրությունը կիրականացվի միայն ազգային զինված ուժերի և կազմավորումների շահերից ելնելով:
Ընդ որում, նշված ռազմական նշանակության արտադրանքի և նրա մասին տեղեկատվության փոխանցումը երրորդ երկրներին չի կարող իրականացվել առանց ռուսական կողմի նախնական գրավոր թույլտվության:
Փորձագիտական շրջանակներում կարծիք կա, որ Կալաշնիկովի ինքնաձիգները, որոնց հավաքումն իրականացվում է Ռուսաստանի սահմաններից դուրս, իրենց որակով զիջում են ռուսական արտադրության ինքնաձիգներին։ Իսկապես այդպե՞ս է։
Դրանք ենթադրություններ են։ Այսօր Ռուսաստանը զբաղեցնում է առաջատար դիրքեր աշխարհում ռազմական նշանակության բարձր տեխնոլոգիական արտադրանքների արտադրությամբ։
Ռուսական զենքն իրավամբ արժանի է բարձր գնահատականների ամբողջ աշխարհում, քանի որ ի լրումն իրական պայմաններում հաստատված բարձր մարտավարա-տեխնիկական բնութագրի և հուսալիության, մեր տեխնիկան շահեկանորեն տարբերում են բազմաթիվ մրցակիցների տեխնիկայից նաև գրավիչ գնային հատկանիշներով:
Ռազմական նշանակության արտադրանքի ռուս արտադրողները նպատակաուղղված և բավականին հաջողությամբ աշխատում են իրենց բրենդների հանրահռչակման ուղղությամբ և գործընկերների հետ փոխգործակցություն են իրականացնում փոխշահավետ պայմաններով, երաշխավորում են իրենց արտադրանքի որակը՝ լինի հավաքումը Ռուսաստանի ներսում, թե նրա սահմաններից դուրս:
Այս դեպքում էլ ռուս մասնագետներն ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել նախագծի իրականացման նախապատրաստական փուլին, ինչպես հավաքման տեղամասի նախապատրաստմանը, այնպես էլ մասնագետների որոշմանը, որոնք հայկական կողմին անհարժեշտ կլինեն աշխատանքները կազմակերպելու համար։
Հավաքման արտադրության բացումից հետո տեխնիկական աջակցության ծառայությունների մատուցման համար ռուսական կողմը կշարունակի անհրաժեշտ մեթոդական օգնություն ցուցաբերել։
Դա միայն իմիջային հարց չէ, որը վերաբերում է աշխարհահռչակ «Կալաշնիկով» ապրանքանիշին։ Սա, առաջին հերթին, մեր հայ գործընկերների հանդեպ հարգանքի և վստահության հարց է, որոնց հետ այս նախագծի շրջանակներում անցնում ենք փոխգործակցության ավելի բարձր մակարդակի, այնպիսին, ինչպիսին է տեխնոլոգիական համագործակցությունը։