Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարության և զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու զինված ուժերի կիրառման պլանը։
Իր խոսքում վարչապետը մասնավորապես նշել է.
«Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր է, սկզբունքորեն մենք ժամանակ առ ժամանակ զինված ուժերի կիրառման պլանը քննարկում ենք ամենատարբեր ֆորմատներով: Ես այսօրվա քննարկման մեկնարկին շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ զինված ուժերի զարգացման բավական լավ տեմպ և որակ ունենք այսօր»։
Վարչապետն արձանագրել է, որ կառավարության համար այս ուղղությունը ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն, որովհետև այն հավակնությունները, որոնք հայ ժողովուրդն ըստ էության որդեգրել և հայատարարել է, դրանք կարող են իրականություն դառնալ, եթե Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համարժեք են մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և ի վիճակի են արձագանքել բոլոր մարտահրավերներին:
Վարչապետը վերստին ընդգծել է զինված ուժերի բնականոն զարգացման կարևորությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: «Անվտանգության խորհրդի վերջին նիստում ես առիթ ունեցա այդ թեմայով խոսելու և արձանագրելու, որ այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք, և այն նպատակադրումները, որ մենք ըստ էության ունենք՝ գոյություն ունեցած և նոր ի հայտ եկած բազմաթիվ հանգամանքների բերումով, ծառայում են ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության, կայունության ապահովմանը, այլև ակամա, թե կամա ստացվել է այնպես, որ ողջ տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը»,-նշել է վարչապետը։