ՀՀ ԱԱԾ-ի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից-օգտատերը «Facebook» սոցիալական ցանցում գրանցված մտացածին էջով (կեղծ) նամակագրական կապեր է հաստատել ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայի հետ և փորձել է նրանից կորզել տեղեկություններ ՀՀ ԶՈւ վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք գերատեսչության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործողությունների ու լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումներն, ինչպես նաև հակազդել համացանցի տարբեր հարթակներում ադրբեջանցի օգտատերերի կողմից շարունակական բնույթ կրող հակահայկական և ՀՀ զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված ակցիաներին:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների գործողություններն այնքան նույնաբովանդակ և պարզունակ են, որ ՀՀ ԶՈւ զինծառայող-օգտատերերը գրեթե առաջին իսկ արտահայտությունից հասկանում են, որ գործ ունեն ադրբեջանական «հզոր հետախույզի» հետ, այնուամենայնիվ, ՀՀ ԶՈՒ-ում դեռևս կան առանձին զինծառայողներ, այդ թվում հրամանատարական կազմի շրջանում, որոնք նամակարգրությունների ընթացքում քննարկում են զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր: