Անցնող շաբաթվա իրադարձությունները հիմնականում ծավալվեցին արտաքին քաղաքական և սոցիալ-տնտեսական հարթություններում: Սակայն, ինչպես հաճախ է լինում, որոշակի փուլում այդ ամենը տեղափոխվում է ներքաղաքական պայքարի դաշտ։
ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ
Ներքաղաքական դաշտում շարունակվում է իշխանություններ-ԲՀԿ առճակատումը։ ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարեց, որ խստորեն դատապարտում է «իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը»:
Այս համատեքստում լայն արձագանքի արժանացավ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Սփյուռքի հայկական ներկայացուցիչների հասցեին արված գրառումները, ինչպես նաև ընդհանուր ատելության մթնոլորտի դատապարտումը, որի մեղավորն, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, իշխանություններն են։ Արման Աբովյանն էլ իշխանություններին մեղարդեց իրականությունից կտրվելու մեջ։
Իշխանական թևի հայտարարությունները, սակայն, հիմնականում ուղղված էին ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հաղթահարմանը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կրկին պնդեց, որ ՍԴ-ում առկա է ճգնաժամ, սակայն հիմա այն պայմանավորված է քվորումի չապահովման հետ։ Ուշագրավ էին ՍԴ-ի հետ կապված Միրզոյանի մյուս հայտարարությունները, որ ՀՀ նախագահի կողմից սահմանադրական փոփոխությունները չստորագրելու, ՍԴ դիմելու կամ չդիմելու մասին ինքը Արմեն Սարգսյանի հետ չի խոսել. իսկ ավելի ուշ հավելեց նաև, որ ինքը ՍԴ-ի վերաբերյալ օրենքը կստորագրի մեծ հաճույքով, երբ որ օրենսդրորեն ԱԺ նախագահի համար կբացվի ստորագրելու հնարավորություն:
Ներպետական գործընթացների առումով կարևոր էր նաև Անվտանգության խորհրդի հերթական նիստում վարչապետի հայտարարությունը, որ ինքը հավանություն է տալիս ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազավարությանը։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անցնող շաբաթվա ընթացքում լայն քննարման առարկա դարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Արցախյան հակամարտության վերաբերյալ արված հայտարարությունները։ «Հակամարտությունը պետք է լուծվի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ադրբեջանը թույլ չի տա ադրբեջանական հողում երկրորդ հայկական պետության ստեղծման թույլտվություն»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբից կոնկրետ հայտարարություններ է ակնկալում հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Հայաստանի տարբեր պաշտոնական շրջանակներ արձագանքեցին այս հայտարարություններին։ Վարչապետի մամուլի խոսնակը հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանը բանակցությունների գործընթացն արդյունավետ դարձնելու հստակ բանաձև է առաջարկել, սակայն Ադրբեջանի նախագահն արդեն վաղուց հեռացել է կառուցողական դաշտից։ «Ու նա մեզ մեղադրում է ֆաշիզմի մե՞ջ: Եվ ինչո՞ւ է անընդհատ պնդում, թե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում: Մեր արձագանքը նույնն է. եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը»,-նշել է վարչապետի մամուլի խոսնակը։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն էլ զավեշտալի է համարել, որ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների, մարդու իրավունքների և ազատությունների մասին գնահատականներ է տալիս մի երկրի ղեկավար, որտեղ քաղաքական և տնտեսական իշխանությունը տասնամյակներ շարունակ գտնվում է մեկ ընտանիքի ձեռքում։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքենանին, անդրադառնալով Դենվերում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ վանդալիզմին, վկայակոչեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրը այն հուշարձանների շարքում, որոնք վերջերս պղծվել և վնասվել են ռասիզմի և ոստիկանության կամայականությունների դեմ անցկացվող բողոքի ակցիաների շրջանակներում: Փաստացի, Սպիտակ տան մամուլի խոսնակն արտաբերեց այդ կառույցի կողմից այնքան խուսափողական համարվող «Հայոց ցեղասպանություն» եզրը։ Սակայն ի պատասխան Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության հարցման՝ Սպիտակ տունը հայտնեց, որ ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունն այս հարցում փոփոխության չի ենթարկվել՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ եղեռնը պատմական ոճրագծություն և ողբերգություն է, և ԱՄՆ-ը կանգնած է հայ ժողովրդի կողքին»:
Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է նաև Թուրքիայի իշխանություններին՝ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության որոշման հետ կապված։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը խորը մտահոգություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման կապակցությամբ:
Շաբաթվա վերջին իրավիճակը սրվեց Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին։ Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության՝ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են հրետանու կիրառմամբ Տավուշի ուղղությամբ գրավել Հայաստանի պետական սահմանի հայկական հենակետը: Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ Հայաստանի զինված ուժերի հետ մարտի արդյունքում երկու ադրբեջանցի զինծառայող է զոհվել, հինգը վիրավորվել են:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Եթե ամեն ինչ այսպես գնա, ապա արտակարգ դրությունը մեկ ամսով ևս կերակարձգենք. չորրորդ անգամ։ Այս մասին շաբաթվա սկզբին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանն էլ արձանագրեց, որ նույնիսկ այս ծանր, բայց հարաբերականորեն կայուն վիճակը հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է։ Թորոսյանն այլ ուշագրավ հայտարարություններ ևս արել է։ Նա մասնավորապես նշել է, որ իրականում պատվաստանյութ կա, կան բազմաթիվ պատվաստանյութեր, խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է: Թորոսյանը փարատեց նաև այն մտահոգությունները, թե Հայաստանում կրկնակի վարակման դեպքեր կան։
Լայն քննարկման առարկա դարձավ թերթերից մեկի կողմից տարածված այն տեղեկատվությունը, որ Ֆրանսիայից ժամանած բժիշկների խմբի մասին այդ երկրի կառավարությունը տեղյակ չի եղել, այլ դա եղել է Արսեն Թորոսյանի անձնական նախաձեռնությունը։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից պատասխանեցին, որ «Ֆրանսիական բուժանձնակազմերի երկու առաքելությունները Հայաստան են ժամանել ՀՀ իշխանությունների հրավերով, որոնք էլ ապահովել են սույն առաքելությունների կայացումն ու կազմակերպումը։ Ի պատասխան ՀՀ կառավարության խնդրանքի՝ Ֆրանսիան հոգացել է երկրորդ պատվիրակության տրանսպորտի և կեցության ծախսերը»։
Շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխություններում առաջարկվում է բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքի չափը 10 հազարից 20 հազար դարձնել, իսկ փակ տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10 հազար դրամից դարձնել 50 հազար դրամ: Սա ևս հարուցեց ընդդիմադիրների ու հանրային որոշ հատվածների դժգոհությունը։ Սակայն իշխանական պատգամավորները հայտարարեցին, որ դեռևս նպատակահարմար չեն գտնում նախագիծը ԱԺ բերել։ Նիկոլ Փաշինյանն էլ շահարկումներ համարեց տուգանքների վերաբերյալ եղած քննարկումները։ «Մեր նպատակն է այնպես անելը, որ նաև մեր այն սիրելի հայրենակիցները, որոնց համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, նաև այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որ նրանք դիմակներ կրեն: ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ»,- հայտարարեց Փաշինյանը:
ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ
Չնայած երկրում գործող արտակարգ դրության իրավական ռեժիմին, այնուհանդերձ, մերթընդմերթ սոցիալական հիմքով ակցիաներ են տեղի ունենում։ Հինգշաբթի օրը կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ռեստորանային ոլորտի աշխատակիցները խնդրում էին թույլատրել նաև բացօթյա տարածքներ չունեցող ռեստորանների և սրճարանների ամբողջ ծավալով գործունեությունը՝ անվտանգության կանոնները պահպանելու պայմանով։ Վերջիններիս բարձրացրած խնդրին արձագանքեց ՄԻՊ-ը՝ այս հարցով դիմելով պարետին։
ՏՄՊՊՀ-ն թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Թիմ» ընկերությունների համակենտրոնացումը։ Սակայն այս համակենտրոնացումից կարծես թե լուրջ դժգոհություններ ունի Ucom-ը:
Վերպետական տնտեսական ոլորտից կարևոր էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկությունները՝ կապված ԵՏՄ երկրների սահմաններով ապրանքների տեղափոխման վիճելի հարցերի և տարաձայնությունների կարգավորման համար օպերատիվ կոմիտեի (բարձր մակարդակի աշխատանքային խմբի) ձևավորման վերաբերյալ:
ԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏ
ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները, ի թիվս այլնի, պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։
ԿԸՀ-ն էլ մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի՝ ԱԺ-ում իր մեկ մանդատի վերականգման վերաբերյալ դիմումը՝ պատճառաբանելով, որ մանդատը տրվում է դրա՝ թափուր դառնալու պարագայում։