ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները: Համանախագահները հաղորդագրություն են տարածել:
Նրանք նշել են, որ հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի ՊՆ-երի, և այլ աղբյուրների հաղորդագրությունների վրա, հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտում, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել:
Նրանք նշում են, որ ըստ հաղորդվող տեղեկությունների՝ երկու կողմերն էլ օգտագործել են տարբեր տրամաչափի հրետանի։
«Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասրպշիկը ցավում են մարդկանց մահվան համար և իրենց ցավակցությունն են հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Համանախագահներն ուղիղ կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ միջադեպի հենց սկզբից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Համանախագահները նշում են, որ կողմերը միմյանց մեղադրել են ռազմական գործողություններ սանձազերծելու մեջ։
Նշվում է, որ նրանք դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները:
«Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում ՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները»,- ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ նախօրեին՝ կեսօրից հետո, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի հատվածում խիստ լարվել է իրավիճակը։ Ադրբեջանական կողմի սադրանքի արդյունքում հակառակորդը կորցրել 4 զինծառայող։ Հայկական կողմը զոհեր չունի։ Հրետակոծությունների հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Չինարի բնակավայրի բնակելի տներ։