ՀՀ ԱԳ մամուլի խոսնակը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ իրադրության սրման առնչությամբ մեկնաբանություն է տարածել, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի շարունակական փորձերը պահպանելու լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ և այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է»,-ասվում է մեկնաբանության մեջ։
ԱԳՆ խոսնակը ադրբեջանական կողմին կոչ է արել անվերապահորեն դադարեցնել նմանօրինակ գործողությունները և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր կանխելու հետագա լարվածությունը, որի հետևանքների համար կրում է ողջ պատասխանատվությունը: