Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը։
Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի կողմից գործողությունների անթույլատրելիությունը։
Մինչդեռ, ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», վկայակոչելով երկրի Հանրային հեռուստատեսությունը, Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ:
Հաղորդվում է, որ Զալկալիանին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ:
Բանակցությունների ընթացքում Զալկալիանին նշել է, որ շատ կարևոր է լիցքաթափել իրադրությունը միջադեպի վայրում, դադարեցնել զինված բնույթի գործողությունները և խաղաղություն ապահովել:
Վրաստանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ միջազգային ջանքերի օգնությամբ հնարավոր կլինի կարգավորել իրավիճակը՝ ապահովելու համար ամենակարևորը՝ խաղաղություն և կայունություն ողջ տարածաշրջանում:
Կայքը նաև հայտնում է, որ այդ կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։