ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ:
«Հեռախոսով խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Ընդգծել եմ լարվածությունը նվազեցնելու և հրադադար ապահովելու անհրաժեշտությունը։ Կողմերի միջև ուղիղ շփումներն առանցքային նշանակություն ունեն, անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բովանդակալից բանակցությունների վերսկսումը», – ТАСС-ի փոխանցմամբ գրել է Բորելը Twitter-ում։
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրադրության սրման և լարվածության պահպանման ուղղությամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը, այդ թվում՝ ՀՀ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները և բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: Միևնույն ժամանակ ՀՀ արտգործնախարարը դատապարտեց Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը: