ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը երկու գիտական հոդված է հրատարակել՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կատարած հանցագործությունների վերաբերյալ: Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Հիմք ընդունելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականի հուլիսի 12-ից 22-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջազգային հանցագործություններ կատարելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում հարուցված 37 քրեական գործերի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, կատարված հանցագործությունների ծավալը, բնույթը և համակարգը, կիրառված կրակային խոցման ականահրթիռահրետանային միջոցների մարտավարատեխնիկական բնութագրերը և տեղակայման վայրերը, ընտրված ցամաքային թիրախների մանրամասն վերլուծությունը, ռազմական գործողությունները մշակելու և անցկացնելու համար պատասխանատու ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածության աստիճանը, դրանցում ընդգրկված անձնակազմի թվաքանակը, դրա համար սահմանված ընթացակարգի պահպանումը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի անտեսման մասշտաբները՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հանգել է այն եզրակացության, որ սա նախապես և մանրակրկիտ ծրագրված ռազմական, քաղաքական և քարոզչական պատրաստության արդյունք է, որն ուղղակիորեն պլանավորվել, կազմակերպվել և հաստատվել է Ադրբեջանի քաղաքական և ռազմական բարձրագույն ղեկավարության կողմից»,- նշվում է հաղորդագրության մեր:
Նշված հարցերի շուրջ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ռուսերեն և անգլերեն լեզուներով երկու գիտական հոդված է հրապարակել. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործներ են» (Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին պատերազմական հանցագործություններ կատարելու համար պատասխանատվության ենթարկելու քրեաիրավական և քրեադատավարական առանձնահատկությունները), «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ագրեսոր է» (Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ագրեսիա իրականացնելու համար պատասխանատվության ենթարկելու հիմնախնդիրները):
Հոդվածներում քննարկվում են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը միջազգային իրավական նորմերով քրեական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերը:
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի արարքները դիտարկվում և վերլուծության են ենթարկվում միջազգային տարբեր քրեական դատարանների կողմից նախկինում կայացված դատավճիռների համատեքստում, ինչպիսիք են Միջազգային քրեական դատարանը, Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալը, Ռուանդայի միջազգային տրիբունալը, Սիերա-Լեոնեի հարցով հատուկ դատարանը և այլն:
Հոդվածներում վերլուծվում է ագրեսիայի հանցագործության միջազգային քրեականացման գործընթացը:
Հեղինակի կողմից կատարված իրավահամեմատական վերլուծությունը թույլ է տալիս ներկայացնել ագրեսիայի հանցագործության հանցակազմը ձևավորող արարքների որակմանն առնչվող գիտականորեն հիմնավորված առաջարկություններ, այդ թվում՝ եթե դրանք ուղեկցվում են ռազմական գործողություններ վարելու օրենքների և սովորույթների հանցավոր խախտումների կատարմամբ: