Հայաստանում ընդդիմությունը փորձել է բաժանել բանակն ու երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նման գործողությունները որակել է որպես «դավաճանական քայլ»։ Գրիգորյանը հստակեցրել է, որ խոսքը նախկին իշխանությունների ներկայացուցիչների մասին է։ Նրա խոսքով՝ իրենք փորձել են նման նարատիվ մտցնել և կառավարման համակարգի միասնականության բացակայության պատրանք ստեղծել։
«Նրանք գիտեին, թե ինչպես է գործում կառավարման համակարգը և ինչու է կարևոր նրա համախմբվածությունը։ Ինչպես բանակը, այնպես էլ ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմի ժամանակ պետք է համախմբված լինեն»,-հայտարարել է Գրիգորյանը։
Նա ընդգծել է, որ սահմանային հակամարտության ողջ ընթացքում դրա ղեկավարումն ու համակարգումն իրականացվել են ՀՀ վարչապետի կողմից:
Արմեն Գրիգորյանը նաև մեկնաբանել է Հայաստանի հետ սահմանին կամ Արցախի հետ շփման գծում ադրբեջանական կողմի նոր գործողությունների հնարավորությունը: Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միշտ պատրաստվում է վատագույն սցենարին
«Մենք, բնականաբար, չենք ակնկալում, որ Ադրբեջանը, մեծ քանակությամբ սպառազինություն ձեռք բերելով, ունենալով ներքին լուրջ խնդիրներ, պարբերաբար լարվածություն չի ստեղծի սահմանին։ Մեր գնահատմամբ՝ Ադրբեջանը պարբերաբար շարունակելու է փորձել խնդրի ռազմական լուծումներ գտնել», – ասել է Գրիգորյանը։