Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել եմ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրման։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հայտնել է նաև, որ կապիտան Ռուբեն Սանամյանին ներկայացրել է Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրման։
«Քիչ առաջ նաեւ Սանամյանի հետ հանդիպելու պատիվ ունեցա։ Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին։
Հին և նոր ժամանակների մեր բոլոր հերոսներին, մեր բոլոր նահատակներին, որոնք իրենց օրինակով ոգեշնչեցին մեր նորօրյա հերոսներին, որոնց կողքին ապրելու պատիվն ենք վայելում այսօր»,-գրել է նա։