Սեպտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի և ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստը: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ կիրակի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն իր հայ պաշտոնակից Դավիթ Տոնոյանի հետ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:
«Ուրախ կլինեմ Ձեզ տեսնել սեպտեմբերի սկզբին Մոսկվայում՝ ԱՊՀ – ի, ՇՀԿ – ի և ՀԱՊԿ – ի անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստում», – ասել է Շոյգուն:
Նա շնորհակալություն է հայտնել Տոնոյանին՝ հունիսի 24-ին Կարմիր հրապարակում կայացած Հաղթանակի զորահանդեսին Հայաստանի զինվորականների մասնակցության համար և նշել նրանց պատրաստվածության բարձր մակարդակը: «Սա մեզ համար նշանակալի միջոցառում է։ Սա մեր ընդհանուր տոնն է. փաստացի մեկ ժողովրդի տոն է», – ընդգծել է ռուս նախարարը։
ՌԴ պաշտպանության նախարարի կարծիքով՝ բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հարաբերությունները պետք է փոխանցվեն սերնդեսերունդ, ինչպես և հայրերի ու պապերի մեծ սխրանքների հիշատակը, և տարեցտարի ամրապնդվեն:
Շոյգուն հայկական թիմերին հաղթանակներ է մաղթել բանակային միջազգային խաղերում և առաջարկել գործընկերոջը քննարկել ռազմական ոլորտում երկկողմ փոխգործակցության արդիական հարցերը: