ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ենթակայությամբ կստեղծվի աշխարհազորային ուժերի համալիր։ Աշխարհազորի ստեղծման առաջարկով փոփոխություններ են նախատեսվում պաշտպանության և մունիցիպալ մարմինների մասին մի շարք օրենքներում։
Ինչպես պարզ է դառնում «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված փոփոխություններից՝ աշխարհազորի ստեղծման հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելը։ Այն նախատեսված է Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների, զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և ՏԻՄ մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցելու համար:
Նախատեսվում է աշխարհազորը կազմակերպել քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով։ Այն կլինի զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր։
Աշխարհազորի համակարգը կգործի ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից:
«Աշխարհազորի կազմակերպման վերաբերյալ այս գաղափարը, որը վաղուց կար, սկսեց կյանքի կոչվել, ինչը ողջունելի է»,-այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը։
Նրա խոսքով՝ աշխարհազորն, ըստ էության, կամավորական պահեստազորայիններն են։ «Հավաքագրումը կամավորության սկզբունքով է, այսինքն՝ սա ոչ թե համընդհանուր զորահավաքի պարտադրանք է, այլ պայմանագրային սկզբունքով կազմակերպվող ծառայություն։ Սա նշանակում է, որ ստեղծվում է բանակին աջակից լրացուցիչ ուժ։ Մեր բանակն իր խնդիրը կարողանում է լուծել, բայց երբ գա այնպիսի պահ, որ անհրաժեշտ լինի պահեստազորի ներգրավում, հենց այս աշխարհազորայինների ներգրավման տեսքով է մասնակցությունը լինելու»։
Փորձագետը նշեց, որ անհրաժեշտ է հստակորեն տարբերակել աշխարհազորը և բանակի գործող ռեզերվը. «Ներկայումս զինկոմիսարիատներում գոյություն ունի կցագրման համակարգ։ Ռազմական գործողությունների պարագայում ռազմակաճատ է մեկնում բանակի ռեզերվի այն շերտը, որոնց տարիքը մինչև 35 է, երկրորդ կանչի համար՝ 35-40, հետո՝ 40-50։ Երբ ռազմական գործողությունները սկսվում են, առաջին հերթին կանչում են առաջին խմբում ընդգրկվածներին։ Երբ դրանք ավելի են ծավալվում, անհրաժեշտ է լինում կցագրել նաև մյուս խմբերը։ Հիմա այս ամենից զատ ստեղծվում է նաև աշխարհազոր, որն, օրինակ, բնակչության այն մասն է, որն Ապրիլյան պատերազմի ժամանակ ցանկություն ուներ համալրելու և աջակցելու բանակին»։
Ըստ Եղիազարյանի՝ աշխարհազորայինները ոչ միայն պաշտպանական խնդիր են իրականացնելու, այլև աջակցելու են թիկունքին։ Բացի դա, եթե սահմանամերձ բնակավայրերում վիճակը սրվի, աշխարհազորայինները կարող են տեղում աջակցել բանակի՝ տվյալ պահին իր խնդիրն իրականցնող ստորաբաժանումներին։
Եղիազարյանը նշեց, որ որոշակի վերապահումներ ունի նախագծի այն կետերի մասով, որոնցով սահմանվում է աշխարհազորային ստորաբաժանումների՝ համայնքների ղեկավարների տեղակալների կողմից ղեկավարվելը. «Պետք է հասկանալ՝ այդ տեղակալները ռազմական գործի կազմակերպման, կառավարման հմտություններ ունեցող անձի՞նք են, թե՞ ոչ»,-նշեց Եղիազարյանը։
Ըստ նրա՝ այդ տեղակալների անհրաժեշտ հմտությունները պետք է ամրագրել նրանց պաշտոնների անձնագրերում։ «Այսինքն՝ հենց այդ տեղակալները զինվորական գործից հասկացող անձինք պետք է լինեն, քանի որ գնդի ղեկավարումը մեծ պատրաստվածություն է ենթադրում։ Այդ ստորաբաժանումները պետք է ղեկավարեն կա՛մ բանակի կողմից կցագրված սպաներ, կա՛մ զինկոմիսարիտներում կցագրված պահեստազորի այն սպաները, ովքեր ունեն համապատասխան պատրաստվածություն, մեծ փորձառություն, օժտված են ֆիզիկական, մտավոր համապատասխան հմտություններով»։