Օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր:
Լևոն Այվազյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը՝ օգոստոսի 23-ից հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերի և դրանց բովանդակության առնչությամբ, ինչը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:
Հաշվի առնելով տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների որդեգրած նմանատիպ գործելաոճը՝ պաշտպանության նախարարությունը դիմել է ԿԽՄԿ-ին առավել հետևողական լինելու Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության հարցում:
ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գուրգեն Ալավերդյանի կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Գուրգեն Ալավերդյանը մոլորվել և ադրբեջանական կողմում էր հայտնվել օգոստոսի 22-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին, մարտական հենակետի ստուգումների ժամանակ` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: