ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ենթակայությամբ կստեղծվի աշխարհազորային ուժերի համալիր։ Աշխարհազորի ստեղծման առաջարկով փոփոխություններ են նախատեսվում պաշտպանության և մունիցիպալ մարմինների մասին մի շարք օրենքներում։
Armenia Today-ի հետ զրույցում ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը նշեց, որ ներկայացված նախագծից երևում է, որ ստեղծվող ուժերը ոչ այնքան ինքուրույն դեր ունեն, որքան՝ ածանցյալ։ «Խոսքը գնում է այդ ստորաբաժանումները ոչ թե բուն ռազմական և պաշտպանական գործողություններում ներառելու, այլ զինված ուժերը ինչ-որ ֆունկցիաներից բեռնաթափելու մասին, որոնք վերջինս մարտական գործողությունների դեպքում պետք է իրականացներ՝ դիվերսիոն, հատուկ նշանակության ուժերի դեմ պայքար և այլն։ Այս դեպքում, եթե ստեղծվում է աշխարհազորի համակարգ, այդ խնդիրների իրականցումը դրվում է աշխարհազորի վրա ու հետևաբար ԶՈՒ-ն կբեռնաթավի այդ խնդիրներից և կկենտրոնանա բուն սահմանի պաշտպանության վրա։ Այսինքն՝ շատ կոնկրետ ֆունկցիա կա՝ օգնելու, օժանդակելու ԶՈՒ-երին»։
Ըստ Հարությունովի՝ չնայած աշխարհազորի խնդիրների մեջ նշված է, որ նրանք խիստ անհրաժեշտության դեպքում մասնակցում են մարտական գործողություններին, բայց նախագծի հիմնական կետերը ցույց են տալիս, որ այն պետք է գործի թիկունքում՝ կարևորագույն ուղղություններում երթուղիների պաշտանության, կարևորագույն օբյեկտների պաշտպանության, հակառակորդի դիվերսիոն գործողությունների կանխման համար։
Հարությունովն անդրադարձավ նաև աշխարհում մինչ այս գոյություն ունեցող նմանատիպ որոշակի համակարգ ներդրած երկներին և որոշակի համեմատություններ իրականացրեց։ Փորձագետը ճիշտ չհամարեց Հայաստանում ներդրված համակարգի նմանությունը Իսրայելում և Շվեյցարիայում գործող տարածքային պաշտպանության համակարգերի հետ։ «Այն համակարգը, որ կա Շվեյցարիայում կամ Իսրայելում, ենթադրում է, որ մարդիկ ինչ-որ պահի պետք է պոկվեն իրենց քաղաքացիական կյանքից ու գնան բանակ, որը կարող է բավականին երկար տևել։ Մեզ մոտ ուրիշ բանի մասին է խոսքը՝ սկսած նրանից, որ այս ստորաբաժանումների՝ բուն մարտական գործողություններին մասնակցությունը առաջնահերթություն չի դիտարկված և վերջացրած նրանով, որ կամավորության սկզբունքով է»։
Ըստ նրա, այն համակարգը, որ Հայաստանում ստեղծվում է, նոր է, և չկան որոշակի նախադրյալներ ո՛չ ԶՈՒ կառուցվածքի տեսակետից, ո՛չ հասարակական-քաղաքական գործոնների տեսանկյունից գնալ բարեփոխումների ծայրահեղ ճանապարհով։ «Քանի որ Հայաստանում փորձը չկա, կարող են բավականին դժվարություններ առաջանալ, իսկ Շվեյցարիայում ու Իսրայելում այդ համակարգը իրենց բանակների ձևավորման ակունքներից են ներդրել։ Այսինքն՝ Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը չի գնացել բարեփոխումների այդ ծայրահեղ ճանապարհով, այլ խոսքը գնացել է նրա մասին, որ ստեղծվի մի այնպիսի համակարգ, որպեսզի այն մարդկային ռեսուրսները, որը մինչև հիմա չի ներառվել պաշտպանական խնդիրների լուծման մեջ, ներառվի»։