Սարդարապատի հուշահամալիրում կայացած Տավուշյան մարտերի մասնակիցների պարգևատրման արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հուլիսյան հաղթական մարտերի արդյունքներին:
Նախ, ըստ ՀՀ վարչապետի, արդեն երկար տարիներ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զարգացնում էր այն թեզը, թե Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմ չսկսելն արդեն իսկ Բաքվի կողմից արվող չափազանց մեծ զիջում է ոչ միայն Արցախին ու Հայաստանին, այլեւ միջազգային հանրությանը.
«Երկար տարիներ ձեւավորվում եւ մատուցվում էր մի խոսույթ, թե Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա: Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը՝ ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում, եւ Ադրբեջանը պիտի անխուսափելիորեն որդեգրի կառուցողական մոտեցումներ»:
Երկրորդ արդյունքն այն է, որ հաստատվել է Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսելու որոշ սուբյեկտների անհեռանկարայնությունը: «Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին մեր քաղաքական հայտարարությունների վստահելիությունը, ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի եւ ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են եւ ճշգրիտ»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ երրորդ արդյունքը Հայոց բանակում վերջին շրջանում տեղի ունեցած լայնածավալ բարեփոխումների՝ մարտերում ապացուցված կենսունակությունն ու արդարացվածությունն է:
«Հուլիսյան հաղթական մարտերի ընթացքում արձանագրվել է բացառիկ մի իրավիճակ, երբ մարտական գործողությունների ընթացքում սահմանապահ մարտական դիրքերում մենք ոչ մի զոհ չենք ունեցել: Սա նշանակում է, որ Հայաստանի բանակը հասել է մարտավարական աննախադեպ բարձունքի, ինչն էլ ավելի է մեծացնում մեր վստահությունը, որ ունենք տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող մարտունակ եւ ինտելեկտուալ բանակ»,- իր ելույթում ասել է ՀՀ վարչապետը:
Նաև ըստ նրա՝ հուլիսյան հաղթական մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը, սեփական անվտանգության մարտահրավերներն ինքնուրույն լուծելու Հայաստանի ընդունակությունը:
«Հուլիսյան հաղթական մարտերով մենք թեւակոխել ենք պատմական մի նոր շրջափուլ, որտեղ Հայաստանի ռազմաքաղաքական, տարածաշրջանային կշիռն ու նշանակությունը մեծացել են, բայց մեծացել են նաեւ մարտահրավերները եւ պատասխանատվությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այդ պատասխանատվությունը պահանջում է գերմարդկային ճիգեր եւ նվիրում: