Պաշտպանության նախարարությունը նախատեսում է ստեղծվելիք աշխարհազորում ներգրավել նաև իգական սեռի ներկայացուցիչներին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կայացած ասուլիսում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
Բալայանը նշեց, որ ներգրավումն իրականացվելու է կամավորության սկզբունքով:
«Որևէ խտրականություն չենք նախատեսում այդ առումով: Մենք արդեն շուրջ 5 տարի է՝ ունենում ենք ռազմաուսումնական հաստատություններից աղջիկների թողարկում, որոնք ավագ լեյտենանտ, գուցե կապիտան են արդեն դարձել: Աշխարհազորում կամավորության սկզբունքով կկարողանան ներգրավվել այն կանայք, որոնք պահեստազորում հաշվառում չունեն»,- ասաց Բալայանը:
Փոխնախարարը նշեց, որ առաջին փուլում կանանց կառաջադրվեն ոչ մարտական խնդիրներ:
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ենթակայությամբ կստեղծվի աշխարհազորային ուժերի համալիր։
Աշխարհազորի ստեղծման առաջարկով փոփոխություններ են նախատեսվում պաշտպանության և մունիցիպալ մարմինների մասին մի շարք օրենքներում։ Այն նախատեսված է Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների, զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և ՏԻՄ մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցելու համար:
Նախատեսվում է աշխարհազորը կազմակերպել քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով։ Այն կլինի զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր։
Աշխարհազորի համակարգը կգործի ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից: