Հայաստանում ռուսական ռազմակայանի ինժեներները հայ-ռուսական համատեղ զորավարժությունների ընթացքում կիրառել են դիրքերի ամրացման սարքավորումների սիրիական փորձը, իսկ երկու երկրների հետախույզները հետ են մղել պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի հարձակումը։ Այս մասին հայտնում են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Մասնավորապես՝ նշվում է, որ ռուս զինվորական ինժեներները կիրառել են ժամանակակից զինված հակամարտությունների, այդ թվում՝ Սիրիայում սահմանների, դիրքերի և շրջանների ամրացման սարքավորումների վրա հիմնված խնդիրների կատարման նոր հնարքներ և մեթոդներ:
Խոսքը «սիրիական լիսեռ» մարտավարության մասին է, որն ապահովում է ռազմի դաշտում զրահատեխնիկայի համար զգալի թաքստոցների ստեղծումը և հակատանկային մանևրի կատարումը։
Բացի այդ, ռուսական ռազմակայանի և Հայաստանի պաշտպանության նախարարության հետախույզները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում անդրադարձել են լեռնային անտառապատ տեղանքում պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբի գրոհին, կատարել են մարտական առաջադրանքներ զենքի և թշնամու հրամանատարական կետերի որոնման ուղղությամբ, կիրառել են քողարկիչներ, առաջին օգնություն ցուցաբերել վիրավորներին: Առաջադրված խնդիրների թվում էր նաև տեղանքում քարտեզի վրա կողմնորոշումը՝ հետախուզության, կառավարման և կապի «Աղեղնավոր» համալիրների օգտագործմամբ:
Երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքն անցկացվում է «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում՝ ռուսական ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկի և զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ:
ՌԴ-ից և Հայաստանից զորավարժությանը մասնակցում են ավելի քան 1500 զինծառայողներ, գործի են դրված շուրջ 300 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29, Սու-30 ՍՄ, Սու-25 ինքնաթիռներ, Մի-8 և մի-24 ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքերի հաշվարկներ: