Հոկտեմբերի 1-ից ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կմեկնարկի կանանց նախնական զինվորական պատրաստության վարժանքների դիմումների ընդունումը: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի կայքից։
Նշվում է, որ ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները:
«Ծրագրի շրջանակում մասնակիցները 45 oր կվերապատրաստվեն զորանոցային պայմաններում՝ ձեռք բերելով զինվորի հմտություններ: Բանակումի մասնակիցների առօրյան կազմակերպվելու է ԶՈՒ-ում ընդունված ձևաչափով, զորամասի օրվա կարգացուցակով՝ ժամը 6:30-ին վերկաց, մարմնամարզություն, նախաճաշ, դասարանային ու դաշտային պարապմունքներ և այլն: Արգելված են լինելու տեսակցությունները, զորամասի տեղաբաշխման վայրից ազատ արձակումները, արձակուրդները, ինչպես նաև զորամասի տարածքում տեսաձայնագրման, տեսանկարահանման հնարավորություն ունեցող բջջային հեռախոսների օգտագործումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Մինչ ծրագրում ընդգրկվելը՝ թեկնածուները կմասնակցեն հարցազրույցի, կանցնեն համալիր բուժզննում, հոգեբանական թեստավորում (կստուգվեն թեկնածուների կողմնորոշման ընդունակությունը, հարմարվողականությունը ծառայության պայմաններին, սթրեսակայունությունը և այլն), որից հետո կհանձնեն նորմատիվներ ֆիզիկական պատրաստությունից։ Վարժանքների ավարտին կկազմակերպվի մասնակիցների ավարտական ստուգարք: Լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները ցանկության դեպքում հնարավորություն կունենան որպես պայմանագրային զինծառայող ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում՝ ծառայության անցնելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված պայմաններում և վայրում՝ ՀՀ ԶՈՒ ընդունված ձևաչափով:
Նշվում է, որ վարժանքների մեկնարկին և ավարտին կմասնակցի նաև Աննա Հակոբյանը:
Ցանկացողները դիմումները՝ (անձնագրի պատճեն ու ինքնակենսագրական) կարող են ուղարկել Աննա Հակոբյանի գրասենյակ՝ [email protected] հասցեով, ս.թ. հոկտեմբերի 1-ից 31-ը: