Հայաստանի տարածքում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասնակիցների պետական դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ալագյազ զորավարժարանում: Այս մասին Armenia Today-ին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Բացման արարողությանը մասնակցել են Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը, զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, երկու երկրների ուժային կառույցների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Նշվում է, որ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում մարտական մարտավարական գործողությունների խաղարկությունները տեղի կունենան սեպտեմբերի 21-26-ը, որտեղ կմշակվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների լուծման գործում մոտոհրաձգային ստորաբաժանումների, ավիացիայի և ՀՕՊ-ի կիրառման հարցերը:
Ընդհանուր առմամբ, «Կովկաս-2020» զորավարժության շրջանակներում մարտական մարտավարական գործողությունների խաղարկություններին Հայաստանում ներգրավված է ավելի քան 1,5 հազար մարդ և գործի է դրվել մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան:
«Կովկաս-2020» զորավարժությունը տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբերի 21-26-ը: Զորավարժությունների ընթացքում կմշակվեն պետությունների կոալիցիայի զորքերի (ուժերի) խմբավորումների կիրառման հարցերը՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության հարավ-արևմուտքում ռազմական անվտանգության ապահովման: Համատեղ գործողությունների մշակման համար հրավիրվել են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի զինվորական կազմավորումները, ընդհանուր մինչև հազար օտարերկրյա զինծառայողներ: