Սեպտեմբերի 24-25-ը «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակներում ռուսական ռազմակայանի և Հայաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումները «Ալագյազ» զորավարժարանում կանցկացնեն մարտական մարտավարական գործողությունների խաղարկություն: Այս մասին տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ գործնական գործողությունների խաղարկությանը մասնակցում են Հարավային ռազմական օկրուգի և Հայաստանի Զինված ուժերի մոտոհրաձգային ստորաբաժանումները, ավիացիան և ՀՕՊ-ը՝ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ:
Զորավարժության ընթացքում համատեղ մարտական գործողություններ իրականացնելիս լուծվում են ստորաբաժանումների անմիջական կառավարման խնդիրները: Անցկացվել է նաև զինված հակամարտությունների տեղայնացման և լուծման ուղղությամբ ռուսական ռազմակայանի այն ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանի ստուգում, որոնք կապված են ահաբեկչության հակազդեցության, շահերի պաշտպանության և ռազմական անվտանգության ապահովման խնդիրների լուծման գործում երկու երկրների կառավարման մարմինների և ստորաբաժանումների փոխգործակցության բարձրացման հետ:
Այս տարի զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք իրականացվում են նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված հակահամաճարակային միջոցառումների խիստ պահպանման պայմաններում: Բոլոր մասնակիցները գտնվում են բժշկական մասնագետների հսկողության ներքո. նշել են մամուլի ծառայությունից:
Ընդհանուր առմամբ, «Կովկաս-2020» զորավարժության շրջանակներում մարտական մարտավարական գործողությունների խաղարկություններին Հայաստանում ներգրավվել է ավելի քան 1,5 հազար մարդ և գործի է դրվել մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան:
«Կովկաս-2020» զորավարժությունը 2020 թվականի սեպտեմբերի 21-26-ն ընկած ժամանակահատվածում անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի՝ Հարավային ռազմական օկրուգի տարածքում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ և ընթացիկ տարում կդառնա Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստության համալիր միջոցառումների համալիրի եզրափակիչ փուլը:
Զորավարժությունների ընթացքում մշակվում են պետությունների կոալիցիայի զորքերի (ուժերի) խմբավորումների կիրառման հարցերը՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության հարավ-արևմուտքում ռազմական անվտանգության ապահովման:
Համատեղ գործողությունների մշակման համար հրավիրվել են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի զինվորական կազմավորումները, ընդամենը՝ մինչև հազար օտարերկրյա զինծառայողներ:
Ընդհանուր առմամբ «Կովկաս-2020» զորավարժությանը նախատեսվում էր ներգրավել շուրջ 80 հազար մարդու (այդ թվում ՝ մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման միավորումներ և մասեր, ինչպես նաեւ ՀՕՊ-ի, ռազմածովային ուժերի և հատուկ զորքերի (Ռոսգվարդիայի և արտակարգ իրավիճակների նախարարություն): Ընդ որում՝ Վիեննայի 2011 թվականի փաստաթղթի գործողության տակ գտնվող զորամասերի ներգրավվող անձնակազմի առավելագույն քանակը միասնական օպերատիվ հրամանատարության ներքո անցկացվող վարժանքում կազմել է մինչև 12 հազար 900 զինծառայող: Զորավարժարաններում զորքերի (ուժերի) գործնական գործողություններում ներգրավված են մինչև 250 տանկ, մինչև 450 հետևակի մարտական մեքենաներ և զրահամեքենաներ, մինչև 200 հրետանային համակարգեր և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: