ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետևել է ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում անցկացված «Կովկաս-2020» բազմազգ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հիմնական փուլին: Այս մասին Facebook-ում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
Պաշտպանական գերատեսչության ներկայացուցչի տեղեկատվության համաձայն ՝ զորավարժությունների ընթացքում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հիմնական հարված են հասցրել պայմանական հակառակորդին:
«Խորքից առաջ շարժվելով՝ ստորաբաժանումներն անցան հակահարձակման՝ ոչնչացնելով մխրճված հակառակորդին: Այնուհետև, շարունակելով գրոհը, զբաղեցրին նպաստավոր բնագիծ: Ցամաքային զորքերին կրակային աջակցություն են ցուցաբերել Մի-28Ն ուղղաթիռները և Սու-25 գրոհիչները», – ասված է Ստեփանյանի գրառման մեջ:
Նա նաև տեղեկացրել է, որ «Կովկաս-2020» զորավարժություններին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները: Զորավարժության փուլը մարտական հրաձգությամբ անցել է նաև Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում: