ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հարցին, թե ինչո՞ւ հասարակությանը չէր ներկայացվում իրավիճակը, պատասխանեց. «Մենք շատ ճիշտ ներկայացրել ենք իրավիճակը, ճիշտ տեղեկություններ, որոշ ժամանակ անհրաժեշտ էր նաև հակառակորդին մոլորության մեջ գցել։ Չեմ ընդունում այն տեղեկությունը, որ հասարակությանը մոլորության մեջ ենք գցել»։
«Զինված ուժերը, ՊՆ-ն և ԳՇ-ն պարբերաբար երկրի ղեկավարին ներկայացրել են օպերատիվ իրավիճակը, և իրադրության շատ լուրջ վերլուծության արդյունքում է կատարվել այս որոշումը։ Շուշիի շուրջ տեղի ունեցող գործողությունները եղել են շատ դինամիկ։ Օրինակ, եղել է, որ մեր մամուլի խոսնակը ներկայացրել է մի իրավիճակ, մինչ նա ներկայացնում էր, այնտեղ իրավիճակ է փոխվել։ Քաղաքը պաշարված էր, շրջափակված էր, բայց հերոսամարտը շարունակվում էր։ Որոշ ժամանակահատվածում ունեցել ենք առավելություն», – ասաց Դավիթ Տոնոյանը՝ պնդելով, թե կառավարությունը և սփյուռքը ամեն ինչ արել է, որպեսզի մենք հաջողության հասնենք։