Նոյեմբերի 8-ին, երբ ես հրաժարական տալով ազատվեցի ՀՀ ԱԱԾ տնօրենի ՊԺԿ պաշտոնից, հայտարարեցի, որ նպատակահարմար չեմ գտնում իմ ազատման առիթն ու պատճառները մանրամասնել և դրան կանդրադառնամ ըստ անհրաժեշտության ու պատեհ պահին: Այսօր ևս այդ մասին չեմ ուզում խոսել, սակայն կարծում եմ, որ այս պահին ուղղակի պարտավոր եմ որպես ԱԱԾ բարձրաստիճան սպա, որպես ՀՀ քաղաքացի` անտարբեր չգտնվել և չլռել:
Այս մասին այսպիսի հայտարարություն է տարածել ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը։
«Առաջին հերթին դիմում եմ հանրությանը, ՀՀ բոլոր քաղաքացիներին, Արցախի և Սփյուռքի իմ հայրենակիցներին: Այո’, նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, և հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ: Բայց միևնույն ժամանակ, նա հայրենասեր, չկոռումպացված, իր գաղափարներին նվիրված մարդ է, ով, թույլ տալով ակնհայտ սխալներ, բացթողումներ, ունակ չէ գիտակցաբար գործել ի վնաս մեր հայրենիքի: Հորդորում եմ ձեզ հանգիստ թողնել նաև նրա ընտանիքին, հատկապես որդուն, ով ազնիվ ու լավ երիտասարդ է, ինչը պնդելու համար ունեմ բավարար հիմքեր»,-նշել է Համբարձումյանը:
Նա հիշեցրել է 27.10.2020թ. Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ կապված վարչապետի հետ ունեցած զրույցը։ «Թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, և հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը: Ձեր մերձավորների հետ խորհրդակցելուց հետո այն ժամանակ Դուք, այնուամենայնիվ, ընդունեցիք իմ ասածը և զերծ մնացիք այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու հանձնարարականներ տալուց: Սակայն ներկայումս նույն գործելաոճն եք կիրառում տասնյակ գործիչների նկատմամբ: Ուստի ևս մեկ անգամ կրկնում եմ` ձերբակալություններով, խուզարկություններով և այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր»,-նշել է նա:
ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը նշել է, որ երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, և եթե ինքը վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովուրդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով:
«Երկրի ղեկավարը, ընդունելով, որ պարտություն է կրել, իրավունք չունի չգիտակցել և չընդունել իր մեղքի բաժինը և պետք է փորձի նոր ընտրություններով կրկին լեգիտիմացնել իր գործունեությունը, այլապես այս անվստահության գաղջ մթնոլորտը շարունակաբար տիրելու է մեր երկրում: Պարո’ն վարչապետ, Դուք լավ գիտեք, որ պակաս հայրենասեր չեն Հայ հեղափոխական դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և մյուս կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր ողջ պատերազմի ընթացքում իրենց հնարավորությունների սահմաններում փորձել են անել առավելագույնը` հանուն մեր հայրենիքի, ուստի անհրաժեշտ է զերծ մնալ նրանց անհիմն պիտակավորելուց»,-նշել է նա:
Նա դիմել է նաև ԱԱԾ իր գործընկերներին՝ ճիշտ գնահատելով արդի իրավիճակը` դեմ չգնացալ իրենց խղճին, գործել հայրենիքի նվիրումով, ինքնուրույն, իրենց գործառույթների շրջանակներում և բացառապես օրենքով:
«Հիշե’ք, որ մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում ձեզնից յուրաքանչյուրի կայացրած որոշումը կարող է վճռական լինել իրավիճակի հանգուցալուծման համար: Ես վստահում եմ Ձեր փորձին ու ողջամտությանը: Մեր առջև ծառացած բոլոր խնդիրները պետք է լուծել ՄԻԱԿՈՒՌ և ՄԻԱՍՆԱԿԱՆ»,-հայտարարել է Համբարձումյանը: