Համացանցում շրջանառվող տեղեկությունը Թուրքիային զենք վաճառելու մասին ամբողջովին ապատեղեկատվություն է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Moston Engineering կազմակերպության սեփականատեր Դավիթ Գալստյանը։
Նրա խոսքով Moston Engineering կազմակերպությունը 02.04.2014 թվականին տենդերով Ղազախստանի Հանրապետությունում գնել է տարբեր տրամաչափերի 200.000.000-ից ավելի փամփուշտ։ Բոլոր գործարքները կատարվել են Ղազախստանի Հանրապետության օրենքների և ընդունված միջազգային օրենքների հիման վրա, որոնք բոլորը փաստագրված են։ Տևական ժամանակ վերոգրյալ փամփուշտները տարբեր խմբաքանակով վաճառվել են մի քանի պետությունների տվյալ երկրում ընդունված ընթացակարգերով։
«Թուրքիային վաճառելու տեղեկությունը ամբողջովին ապատեղեկատվություն է և ստոր մանիպուլյացիա։ Թուրքիային ոչինչ չի վաճառվել մեր կազմակերպության կողմից։ 2018 թվականի սկզբին Moston-ի ղազախական գրասենյակ թուրքական կազմակերպության կողմից հարցում է ուղարկվել, որը մերժվել է։ Այդ ժամանակ դեռ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար չէր։ Հավաստիացնում եմ, որ որևէ գործարք չի կնքվել, լիցենզիա չի տրվել և ապրանք չի մատակարարվել Թուրքիա։ Խոսքերիս հավաստիությունը ստուգելու համար կարող եք հարցումներ ուղարկել ղազախական պատկան մարմիններին և համոզվել, որ որևէ գործարք չի եղել»,-ասել է Գալստյանը։
Նրա պնդմամբ` համացանցում տարածված փաստաթղթերի մեծ մասը կեղծ են։ Ստիպված են պարզաբանել հատուկ նրանց համար, ովքեր չեն տարբերում հարցումն ուղարկելու և գործարք իրականացնելու տարբերությունը։
«Մի փաստաթղթի հիման վրա մնացածը ծաղկեցվել, հորինվել և հարմարեցվել են դրան։ Այն, որ հարցումներով կարող ենք դիմել տարբեր պետությունների տարբեր զինատեսակների մասին տեղեկատվություն ստանալու համար, կարծում եմ, որ գաղտնիք չէ։ Լավագույն տարբերակի փնտրտուքով՝ դա վերաբերում է որակին, գնին, անհրաժեշտության մակարդակին, մենք բազմաթիվ հարցումներ ուղարկել ենք տարբեր կազմակերպությունների, ինչը դեռ չի նշանակում, որ գործարք է իրականացվել։ Սա ստոր մանիպուլյացիա է։ Հարցումների փաստաթղթերը հրապարակելով միտում կա ցույց տալու, թե գործարքն իրականացվել է»,–կայքի փոխանցմամբ՝ նշել է նա:
Գալստյանը նաև հավելել է, որ տեղեկությունը, թե գնվել է այնպիսի փամփուշտ, որի կարիքը հայկական բանակը չի ունեցել, (խոսքը վերաբերում է 23 մմ տրամաչափով փամփուշտներին) ևս սուտ է։
«Տվյալ անձինք պարզապես տեղյակ չեն, թե ՀՀ ԶՈՒ ինչ զինատեսակներով է համալրված կամ ՀՀ ՊՆ ինչի կարիք ունի: Ինչ վերաբերում է Ղազախստանից Հայաստան ներկրված այլ զինատեսակներին, ապա նշենք, որ պնդումը, թե հին արտադրության արկերը գնվել են 1500 ԱՄՆ դոլարով, անհիմն են: Վերջին տասը տարվա ընթացքում Ղազախստանի Հանրապետությունից գնվել է միայն նոր արտադրության մի տեսակի արտադրանք: Արկեր Ղազախստանից ընդհանրապես չեն գնվել, դրանք ձեռք են բերվել այլ երկրներից»,–պարզաբանել է Գալստյանը:
Նա ընդգծել է, որ ընդհանուր առմամբ, իրենց կազմակերպության կողմից ցանկացած զինատեսակի և ռազմամթերքի ներկրումն իրականացվում է բոլոր ընդունված միջազգային օրենքների և ընթացակարգերի հիման վրա: Դրանք անցնում են համապատասխան եռափուլ փորձարկումներ, ինչը ենթադրում է որակի ստուգում գործարանում, քանակական ստուգում պահեստում և յուրաքանչյուր խմբաքանակի նմուշների դաշտային փորձարկում։
Նշենք, որ համացանցում տեղեկություններ են շրջանառվում (հղում անելով @Military_arm տելեգրամյան ալիքին), որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու այլ պաշտոնատար անձինք ներգրավված են եղել զենքի ապօրինի վաճառքի գործարքներում։
Շրջանառվող լուրերը պաշտոնապես հերքել է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլյացիա, որի նպատակն է վարկաբեկել պաշտպանական գերատեսչությունը։