Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջափակման մեջ ընկնելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ ռուս խաղաղապահները գտնվում են Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում:
«Լեռնային Ղարաբաղում կողմերից որեւէ մեկի կողմից ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների իբր շրջափակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – նշել են ռազմական գերատեսչությունում:
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ դեկտեմբերի 11-12-ին մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։
Այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
ՀՀ ԱԳՆ-ում ընդգծել են, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում: