Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց պատերազմում տեղի ունեցած դավաճանությունների մասին։ «Դուք ձեր ելույթներում ասել եք, որ եղել են դավաճաններ, դավաճանական քայլեր, հայրենիքը ծախածներ և թերացած պատասխանատուներ, ինչու՞ մինչև հիմա չկան այդ դավաճանների անունները, այդ հայրենիքը ծախածների անունները»,-նշեց Մադաթյանը։
Փաշինյանն էլ, արձագանքելով պատգամավորին, խնդրեց իր նախկինում արված հայտարարությունները ուղղակի մեջբերել։ «Պատերազմի հետ կապված, ինչպես հայտարարել են իրավապահ մարմինները, 1300-ի կարգի քրեական գործ կա, և այդ քրեական գործերով ընթանում են նախաքննություններ։ Իհարկե պետք է մենք ամեն ինչ անենք, որպեսզի հարցերը ստանան մաքսիմալ արդյունավետ պատասխաններ»։
Մադաթյանն ի պատասխան նշեց, որ դավաճանների մասին հայտարարությունը եղել է հոկտեմբերի 8-ին, հայրենիք ծախածների մասին հայտարարությունը՝ նոյեմբերի 10-ին։
Վարչապետն էլ ասաց, որ իր արած հայտարարությունների մի մասի վերաբերյալ եղել են այդ պահին արդեն հարուցված քրեական գործեր։ «Համոզված եմ, որ քրեական գործերը կտան հարցերի պատասխաններ։ Ընդհանուր առմամբ, այո, հայտարարությունների մեջ կարող են լինել նաև քաղաքական գնահատականներ, և այդ քաղաքական գնահատականները նույնպես հետաքննվելու անհրաժեշտություն ունեն և գուցե հետաքննվում են և գուցե թե դրանցով նաև տեղի են ունենում դատավարություններ։ Կամ տեղի կունենան դատավարություններ»։