COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից: Այս մասին իր ֆբ-յան էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ:
Այս պահին COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։
Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։
ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը»,-տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակը։